Մատչելիության հղումներ

Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, վարչապետը, անդրադառնալով բիզնես ոլորտին, նշել է, որ երկրում պետք է փոքր, միջին և խոշոր բիզնեսի վերաբերյալ ճիշտ ախտորոշում անել:

«Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա: Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչև հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչև հիմա փոքր և միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր և միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է վարչապետը:

Ի պատասխան գործարարներից մեկի հարցին` Նիկոլ Փաշինյանը խոսել է հողային ռեֆորմի մասին: «Մեր գյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում ազգային և պետական ձգտումները, որովհետև գյուղատնտեսություն ասելով՝ մենք շարունակում ենք հասկանալ, որ մարդը պետք է չարչարվի և ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, և դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ», - ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով ենթակառուցվածքների մասին, անհրաժեշտ է համարել, որպեսզի կոնկրետ ներդրումային ծրագրերի դեպքում պետությունը ստանձնի տվյալ ներդրումային օբյեկտ տանող ավտոճանապարհի կառուցման պատասխանատվությունը: Վարչապետը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեի մեջ այդ սկզբունքը պետք է ներառվի:

Խոսելով բիզնեսի «խաղի կանոնների» մասին` վարչապետը նկատել է, որ շատերն ասում են, թե դրանք պարզ չեն: «Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին՝ և' պետական, և' ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույնն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող և թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու և գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»,- ասել է վարչապետը` անդրադառնալով խաղողի մթերման գործընթացում գործարանի և գյուղացու հարաբերություններին:

Անդրադառնալով նաև էլեկտրաէներգիայի մատակարարումների գործընթացում առկա խնդիրներին` վարչապետը ներկաներին է փոխանցել ՀԷՑ-ի սեփականատիրոջ խոսքերը, որ 2020 թվականին ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG