Մատչելիության հղումներ

Գյումրեցի գործարար․ Մեզ մոտ ՀԴՄ կտրոն տրամադրելու ու վերցնելու կուլտուրան դեռ բացակայում է


Գյումրեցի գործարար Վարդան Սրտաշյան

Անկախության օրն այս տարի Գյումրիում անցկացնելով՝ իշխանություններն ակնկալում էին տնտեսական ակտիվության աճ տեսնել այստեղ, սակայն օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, թե չնայած Գյումրին սեպտեմբերի 21-ին 15 հազար հյուր է ունեցել, այդ օրը քաղաքում տպված ՀԴՄ-ների քանակը գրեթե չի փոխվել:

«Կառավարությունը իր գործողություններով էդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն է, որի հետևանքները, արդյունքները մինչև այսօր էլ նկատվում են: Բայց էդ բիզնեսը իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՞ կես քայլ պետք է չանի: Էս գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր ա: Չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք ա երկխոսություն լինի», - կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Գյումրիի կենտրոնում զրուցեցինք նաև սպասարկման ոլորտի մի շարք օբյեկտների տերերի հետ, թե ինչպես են վերաբերվում վարչապետի հնչեցրած մեղադրանքներին, որ իրենք ձեռք են մեկնում բիզնեսին, սակայն բիզնեսը նույն կերպ չի պատասխանում՝ խուսափելով ՀԴՄ կտրոն տրամադրել:

Կտրոնների քանակի վերաբերյալ մի քանի դիտարկումներ արեցին տեսախցիկից այն կողմ, որ այդ օրը հիմնականում աշխատել են մեծ ռեստորաններն ու սրճարանները, բացի այդ, նաև դրսում տաղավարներով հյուրասիրություն է եղել: Իսկ խանութներում առևտուրը քիչ է եղել, քանի որ ավելի շուտ են փակվել:

Սեպտեմբերի 21-ին հյուրանոցներում ու հյուրատներում ազատ տեղ չկար: «Արաքս» հյուրանոցի տնօրեն Վարդան Սրտաշյանն ասում է, որ վարչապետի ասածը լսել է, բայց ՀԴՄ-ների թվաքանակի առումով մի նրբություն կա որը հաշվի չեն առել․ - «Սեպտեմբերի 21-ի շրջանառությունը ծավալվել է դեռևս էդ տոնի նախօրեին: Մեր համարները մոտավորապես 15 օր առաջ բոլոր սպառված էին, և այդ համարների գումարները մենք իհարկե նախօրոք ենք վերցրել մեր հյուրերից: Եղել են նաև խմբեր, խմբերի համար ընդհանրապես ՀԴՄ կտրոն չենք խփում, կատարվել են բանկային փոխանցումներ, դուրս է գրվել հաշիվ: Շրջանառությունը երևացել է, հարկվել է, մենք հարկերը մուծել ենք, բայց ՀԴՄ կտրոն որպես այդպիսին մենք չենք տրամադրել»:

ՀԴՄ կտրոն տրամադրելու ու վերցնելու կուլտուրան դեռ բացակայում է: Վարդան Սրտաշյանը կառավարությունը մի առաջարկ ուն․ - «Առաջարկում եմ պարոն Փաշինյանին բացել Լուսավորության նախարարություն, որպեսզի այդ քարոզչական հարցերը, որոնք այսօր անտեսվում են, լինեն բարձր մակարդակի վրա, ազգային անվտանգության մակարդակի վրա: Եվ դրանից հետո, լուրջ աշխատանք տանելուց հետո մարդկանց էլ հարկ չի լինի համոզել, որ ՀԴՄ կտրոն խփեն, մարդիկ արդեն կունենան այդ բարձր գիտակցությունը, և ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Հյուրանոցից տեղափոխվենք ռեստորանային բիզնես: Ամիսներ առաջ Գյումրիում բացված նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն ասում է, որ իրենք պարտադիր տրամադրում են ՀԴՄ՝ անկախ այն հանգամանքից հաճախորդը այն վերցնում է թե ոչ:

Վարչապետի նշածի կապակցությամբ Հարությունյանն ասաց․ - «Իմ կարծիքով, եղել են տեղեր, ովքեր թերացել են կամ չի տպվել ՀԴՄ-ներ: Ես կխոսեմ մեր ռեստորանի համար, որտեղ յուրաքանչյուրին ՀԴՄ տրամադրվել է: Մեզ մոտ հիմնականում տուրիստական խմբերը շատ են, հիմնականում մեր մոտ հաշիվները օնլայն են ուղարկվում»:

Ռեստորանի տնօրենի կարծիքով, ՀԴՄ չտպելը կարող է նաև տեխնիկական բնույթի խնդրով պայմանավորված լինել, քանի որ սպասարկման ոլորտը միանգամից 15 հազար հյուր ընդունելու պատրաստ չէր:

Նա նկատել է, որ հաճախորդը շատ հաճախ վճարելուց հետո ՀԴՄ չի վերցնում:

Գյումրիում այսօր էլ նկատեցինք տուրիստական բավականին մեծ հոսք: Հանդիպեցի Կանադայից ժամանած զբոսաշրջիկների, որոնք գոհ էին սպասարկման ոլորտից, նաև գներից: Նրանցից մեկն ասաց, որ իրեն կտրոն չեն տվել, իսկ մյուսն ասաց, որ տվել են:

XS
SM
MD
LG