Մատչելիության հղումներ

Դավիթ Մաթևոսյանի իրավունքները խախտվել են․ ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի դեպքերով հերթական վճիռը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի: Խոսքը «Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացուցիչ, 2008-ի մարտի 1-ին ազատազրկված Դավիթ Մաթևոսյանի գործի մասին է:

Ստրասբուրգի դատարանը վճռել է՝ խախտվել է Դավիթ Մաթևոսյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Մաթևոսյանին վճարել 13 հազար 2 հարյուր եվրո փոխհատուցում:

«Այս վճիռը հերթական ապացույցն է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների վրա ուժային կառույցների հարձակումը կամայական էր և անհիմն էին այնտեղ զենք զինամթերք փնտրելու պնդումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Մաթևոսյանը:

«Նախկին իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կանգնած է դատարանի առաջ և պատասխան է տալիս բանակը ներքին գործերին տենց ներգրավելու սահմանադրական կարգիր տապալման ձևակերպմամբ, բաց ես կարծում եմ, որ սահմանադրական կարգը տապալվել է առավոտյան, այսինքն երկու էպիզոդով է տապալվել սահմանադրական կարգը. առաջին դեպքը Ազատության հրապարակում քնած ժողովրդի վրա ուխտադրուժ հարձակումն էր», - նշեց Մաթևոսյանը։

2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար միայն ոստիկանության երկու աշխատակցի ցուցմունքների հիման վրա: Մաթևոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, անազատության մեջ անցկացրեց շուրջ մեկուկես տարի: ՄԻԵԴ-ը ճանաչել է նաև դիմողի արդար դատաքննության իրավունքի խախտում:

«Կարծում եմ՝ սա Մարտի 1-ի անարդարության վերացման հերթական մի փոքր հանգրվանն է։ Ազատազրկման վայրում անց եմ կացրել մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալների հետ, որոնց մի մասը շարքային պայքարողներ են եղել, հանգամանքների բերումով չեն կարողացել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան էս նույն պահանջներով։ Ես ինձ բավարարված չեմ զգա այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդկանց նկատմամբ արդարությունը չի հաղթանակել», - ընդգծեց Մաթևոսյանը։

Դավիթ Մաթևոսյանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբաններ Վահե Գրիգորյանը և Մուշեղ Շուշանյանը: Մաթևոսյանը հիշեցրեց՝ իր գործի քննության փուլում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչ է եղել Գևորգ Կոստանյանը, իսկ արդարադատության նախարարը՝ Հրայր Թովմասյանը: Հիշեցրեց՝ ՄԻԵԴ-ի հետ գրագրության փուլում Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Ազատության հրապարակում զենք ու զինամթերք է եղել, իսկ Դավիթ Մաթևոսյանի գործով Հայաստանում դատարանները օբյեկտիվ քննություն են կատարել, և իր մեղքն ապացուցված է եղել:

Հիշեցնենք՝ օրերս Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով հայտարարեց՝ 2008-ին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, այն ժամանակ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի դրդմամբ, կեղծել է մարտի 1-2-ի իրադարձությունների փաստերը:

«Եվրոպական չափանիշների տեսանկյունից ընկալելի մարդիկ իրենց ներուժը ի սպաս են դրել ռեժիմին և ծառայել են ռեժիմին և ծառայել են ռեժիմին և այդ մարդիկ՝ Կոստանյան Գևորգը, Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, այդ առումով ամենավատ ծառայությունն են մատուցել հայ ժողովրդին և հայոց պետականությանը», - ասաց Մաթևոսյանը։

Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խաղաղ հավաքների ազատության, արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ ընդդեմ Հայաստանի վճիռներ է հրապարակել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Վարդգես Գասպարիի, Մասիս Այվազյանի գործերով:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել են Երևանի Ազատության հրապարակում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ցույց անող ցուցարարների վրա: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվել է տասը մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG