Մատչելիության հղումներ

Պորտուգալիայի օրերը Հայստանում նվիրված են Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակին


Մեծանուն հայի՝ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին են նվիրված Պորտուգալիայի օրերը Հայաստանում, որոնց շրջանակներում երեկ երեկոյան «Մոսկվա» կինթատրոնում սկսվեցին պորտուգալական կինոյի օրերը:

Առաջիկա 5 օրերի ընթացքում կինոարվեստի մեր երկրպագուները հնարավորություն կունենան ծանոթանալու վերջին տարիներին նկարահանված պորտուգալական մի շարք ուշագրավ ֆիլմերի հետ:

Այս միջոցառումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել է 3 տարի առաջ Պորտուգալիայում հիմնադրված Պորտուգալիա - Հայաստան բարեկամության միությունը, որի հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանի խոսքով, սա աննախադեպ իրադարձություն է․ - «Ցուցադրումը ներառված է մի ծրագրի մեջ, որը մենք անվանել ենք «Պորտուգալիայի օրերը Հայաստանում»: Բացի կինոների ներկայացումը, լինելու է պորտուգալական բարձր խոհանոցի ներկայացումը «Ասադոր» ռեստորանում ամսի 14-ին: Մենք հյուրընկալելու ենք Պորտուգալիայի լավագույն շեֆ-խոհարարին, որը ամսի 11-ին արդեն ժամանելու է: Լինելու է Գալուստ Գյուլբենկյանի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը հայերեն լեզվով, որը որ պատրաստել է «Էդիթ Փրինթ» հրատարակչությունը: Ամսի 15-ին է լինելու: 27 իմ պորտուգալացի համագործակիցների այց ենք կազմակերպել «Գյուլբենկյան» հիմնադրամից․ դա ուղղակի աննախադեպ մի հնարավորություն էր ստեղծվել, որ օգտագործենք նաև Գյուլբենկյանի 150-ամյակը: Երեկ ժամանել է այդ խումբը, արդեն սկսել են իրենց շրջայցերը և ուղղակի շշմած են մեր երկրից և ընդունելությունից»:

Իրենք՝ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում շեշտում էին, որ իրենց համար շատ կարևոր է այս այցը՝ ծանոթանալու Գալուստ Գյուբենկյանի հայրենիքի հետ, հայկական արվեստի ու մշակույթի հետ, որի մի առանձին բաժին գտնվում է Լիսաբոնում Գալուստ Գյուբենկյանի հիմնադրած հանրահայտ թանգարանում: Նրանք շեշտում էին, որ այս այցը Հայաստան վստահաբար կամրապնդի մշակութային կապերը Հայաստանի և Պորտուգալիայի միջև՝ մի երկիր, որին իր ողջ ունեցվածքն ու կերպարվեստի հսկայական հավաքածուն է նվիրաբերել մեր անվանի հայրենակից Գալուստ Գյուլբենկյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք, բացի այս միջոցառումից, որևէ այլ կերպ նշվելու է Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակը, Պորտուգալիա - Հայաստան բարեկամության միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը պատասխանեց․ - «Ծննդյան օրը մարտի 23-ին ենք նշել: Ասեմ, որ հետաքրքիր մի արարողություն էր․ երկու տարի առաջ երբ այստեղ էինք, պայմանավորվեցինք Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ, որ 150-ամյակի համար հետաքրքիր կլիներ, որ նամականիշ բաց թողնեին՝ երկկողմանի՝ Պորտուգալիա և Հայաստան: Դա իրականացրեցինք, մարտի 23-ին նամականիշը մարվեց Գյուլբենկյանի ծոռան ներկայությամբ Լիսաբոնում, հիմնադրամում, և երկու օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Իսկապես շատ դժվար է գերագնահատել այն ահռելի աշխատանքը, որ Գյուլբենկյանի անունը կրող հիմնադրամը իրականացրել է հայագիտական մտքի զարգացման, հայագիտական մտքի հանրայնացման և միջազգայնացման առումով, կրթական ոլորտում: Ահռելի մի գործունեություն, և կարծում եմ, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը, իր ծանրակշիռ անցյալով հանդերձ, շատ բաներ ունի դեռ անելու ապագայում: Այս աթիռը օգտագործելով, որ այստեղ են հիմնադրամի ներկայացուցիչները, անպայման մենք կքննարկենք մեր հնարավոր համագործակցության հեռանկարները, և դրա մասին կիրազեկենք հասարակությանը»:

Ուշագրավ է նաև, որ Պորտուգալիայի օրերը Հայաստանում մեկնարկեցին հենց ֆիլմերի ցուցադրությամբ:

«Գաղտնիք չէ, որ ֆիլմերը շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ մշակույթների փոխճանաչողության տեսակետից: Չասեմ մենակ մշակույթների, եկեք խոստովանենքն, որ մենք շատ քիչ բան գիտենք պորտուգալացիների, նրանց պատմության, անցյալի, նրանց սոցիալական իրականության և նրանց սպասումների մասին: Ուղղակի վստահ եմ, որ ահռելի ինֆորմացիոն բեռ ունեն այս ֆիլմերը», - նշեց Արա Խզմալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG