Մատչելիության հղումներ

Այսօր հայտնի կդառնան 2018-ի և 2019-ի գրականության Նոբելյան մրցանակակիրները


Շվեդիա - Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի կիսանդրին Ստոկհոլմում՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ, արխիվ
Շվեդիա - Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի կիսանդրին Ստոկհոլմում՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ, արխիվ

Մի քանի ժամից Ստոկհոլմում Շվեդական թագավորական ակադեմիան կհրապարակի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Այս տարվա մրցանակաբաշխությունն աննախադեպ է լինելու․ Շվեդական ակադեմիայի կազմում գործող Գրականության Նոբելյան կոմիտեն այսօր պետք է հրապարակի միանգամից երկու` 2018 և 2019 թվականների դափնեկիրների անունները:

Բանն այն է, որ նախորդ տարի Շվեդական ակադեմիան որոշեց հետաձգել գրականության ասպարեզում մրցանակի շնորհումը: Պատճառն այդ կառույցի ներսում ծագած սկանդալն էր: 2018-ին մրցանակի շնորհումից մի քանի ամիս առաջ հայտնի էր դարձել որ Թագավորական ակադեմիայի անդամներից Կատարինա Ֆրոստենսոնը տարիներ շարունակ խախտել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի շնորհման գաղտնիության սկզբունքը:

Շվեդական ոստիկանության անցկացրած հետաքննությունը պարզել էր, որ Ֆրոստենսոնը իր ամուսնուն` լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոյին նախապես տեղեկացրել էր, թե ով է լինելու գրականության ասպարեզում մրցանակաբաշխության տվյալ տարվա հաղթողը: Ֆրոստենսոնի ամուսինն էլ այդ տեղեկատվությունը փոխանցում էր երրորդ անձանց, որոնք էլ խոշոր խաղադրույքներ էին կատարում բուքմեյքերական գրասենյակներում:

Այս սկանդալի հետևանքով գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ շնորհող 18-հոգանոց կառույցի անդամներից 6-ը հրաժարականներ ներկայացրեցին, ինչն էլ հանգեցրեց կոմիտեում քվորումի բացակայության:

Այսօր արդեն Նոբելյան կոմիտեն վերադարձել է բնականոն աշխատանքային ռիթմի, և մամուլում սկսել են շրջանառվել հնարավոր դափնեկիրների անունները: Նրանց թվում են ժամանակակից ռուս գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Լյուդմիլա Ուլիցկայան, Գվադելուպան ներկայացնող Մարիս Կոնդեն, արձակագիր Մարգարեթ Էթվուդը` Կանադայից, լեհ Օլգա Տոկարչուկը: Արդեն մի քանի տարի է, ինչ հավակնորդների թվում շրջանառվում է նաև ճապոնացի արձակագիր Հարուկի Մուրակամիի անունը:

«Նախկինում մեր մոտեցումը շատ ավելի եվրոպակենտրոն էր: Այժմ մենք դիտարկում ենք ողջ աշխարհը», - The Guardian-ի փոխանցմամբ՝ ասել է Գրականության ասպարեզում Նոբելյան կոմիտեի նորանշանակ ղեկավար Անդերս Օլսոնը: Բացի այդ, ըստ Օլսոնի, նախորդ տասնամյակներին Շվեդական ակադեմիան որպես կանոն նախապատվություն էր տալիս տղամարդ գրողներին, ինչի հետևանքով գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի 114 դափնեկիրներից միայն 14-ն են կին:

Արևմտյան քննադատների համոզմամբ՝ այս տարի, երբ միանգամից երկու մրցանակ է շնորհվելու, Նոբելյան կոմիտեն հավասարակշռությունը պահպանելու հիանալի հնարավորություն ունի:

«Դափնեկիրներից մեկը, ըստ ամենայնի, կին է լինելու: Բացի այդ, մրցանակակիրները, ըստ երևույթին, տարբեր մայրցամաքներ են ներկայացնելու», - նշել է Economist հանդեսի մշակութային մեկնաբան Ֆիամետա Ռոկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG