Մատչելիության հղումներ

Ալեքսիս Օհանյան․ «Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն»


Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 8-ը հոկտեմբերի, 25019թ․
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 8-ը հոկտեմբերի, 25019թ․

«Գրքի մեծ մասը գրվել է մեկ շաբաթում, երբ փակվեցի տանը, որտեղ չէի կարող օգտվել համացանցից», - «Առանց թույլտվության» գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց հեղինակը՝ ամերիկահայ գործարար, միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Գիրքն այն մասին է, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու: Հեղինակը գրքում խորհուրդ է տալիս այս կամ այն գաղափարն իրագործելու համար չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում տեղի ունեցավ այսօր:

«Բազմաթիվ երիտասարդ ձեռնարկատերեր ինձ հարցնում էին, թե որն է իմ հաջողության գաղտնիքը: Կարծեցի, որ նրանց պատասխանելու ամենաարագ ու արդյունավետ ձևը գիրք գրելն է: Այս նախաձեռնությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես առցանց իմ ծրագրերն իրականացրեցի` առանց թույլտվության: Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն ու կատարեն քայլեր` չսպասելով այլոց թույլտվությանը: Համացանցն ու առցանց գործիքներն այդ հնարավորությունն ընձեռում են բոլորին», - նշեց Ալեքսիս Օհանյանը։

Ալեքսիս Օհանյանը, ով տարիներ առաջ ընդգրկվել էր Forbes-ի երիտասարդ ու ամենահեռանկարային գործարարների ցանկում, մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգներում տեղեկատվական արշավ է սկսել, որի նպատակն է կոտրել նորածին ունեցող ընտանիքներում հոր դերակատարության շուրջ կարծրատիպերը:

«Ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ պետք է վճարովի արձակուրդ ունենան՝ նոր աշխարհ եկած երեխային խնամելու և այդ կարևոր փուլում ընտանիքի կողքին լինելու համար», - պնդում է աշխարհահռչակ գործարարը The New York Times-ում հրապարակած վերջին հոդվածում: Ավելի վաղ CBS News-ին տված հարցազրույցում Օհանյանը նշել էր, որ ինքն ու աջակիցները ստորագրահավաք են սկսել՝ այս նախաձեռնությունը մինչև Կոնգրես հասցնելու համար:

«Ազատություն»-ը Օհանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է ձեռնարկը, և պատրաստվո՞ւմ է արդյոք այս գաղափարը հայաստանյան իշխանություններին ևս ներկայացնել։

«Ես դա դիտարկել եմ ԱՄՆ-ի համատեքստում, քանի որ այդ երկիրն է, որ շատ լավ ճանաչում եմ։ Բայց իբրև ձեռնարկատեր և գործատու, կցանկանայի իմ աշխատակիցների համար ինքս անել, քանի որ գիտեմ, որ դա ոչ միայն նրանց արտադրողական արդյունավետությունն է բարձրացնում, այլև աշխատանքային երկարատևություն է ապահովում», - պատասխանեց ամերիկահայ գործարարը:

36-ամյա Օհանյանը երեք տարի առաջ ընտանիք է կազմել աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, երկու տարի առաջ ծնվել է նրանց աղջիկը՝ Օլիմպիան:

Օհանյանը չբացառեց, որ հաջորդ անգամ Հայաստան կգա կնոջ` Սերենա Ուիլյամսի հետ։ Գործարարը միայն մի քանի օրով է ժամանել Հայաստան, որից հետո մեկնելու է ԱՄՆ` քրոջ հարսանիքին մասնակցելու։

XS
SM
MD
LG