Մատչելիության հղումներ

«Օրենքը պիտի հստակ քրեական պատժամիջոց սահմանի». քննարկում ՄԻՊ հանձնաժողովում


Իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

«Իմ քայլից» Մարիա Կարապետյանն ասաց՝ այսօրվա քննարկման առիթը «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի մոտ կազմակերպվող շարունակական ակցիաներն էին։ Շաբաթներ շարունակ իրենց «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժում անվանող նախաձեռնության անդամները հիմնադրամի գրասենյակ եկող-գնացողներին մեղադրում էին «ազգը վաճառելու» մեջ ու այդ տեսանյութերը հրապարակում համացանցում։ Ակցիաների կազմակերպիչներից էր նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման ժամանակ նրա խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Նարեկ Մալյանը։

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը տասը օր առաջ կոչ էր արել կանխել իրենց հասցեին հնչող ատելության խոսքը: Ոստիկանությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ գրասենյակի դիմումի հիման վրա Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

«Ակցիաների կազմակերպիչներին կոչ կանեի, որպեսզի իրենք բարոյական իրավունք ունենան նաև պահանջելու հանրայի պաշտոնյաներից, վերաիմաստավորեն իրենց գործունեությունը, որովհետև իրենց սադրած բռնության զոհը դառնալու պարագայում ոչ միայն իրավական գնահատական են պահանջում, որը լրիվ իրենց իրավունքն է, այլ նաև ինչ-որ քաղաքական խոսք են պահանջում։ Դրա իրավունքը ունենալու համար պետք է իրենց գործունեությունը հարմարեցնեն գործող իրավակարգավորումներին և չանցնեն այդ սահմանը», - նշեց Կարապետյանը։

Արդեն հանձնաժողովի նիստում Մարիա Կարապետյանն ընթերցեց իրենց խմբակցության մի քանի պատգամավորների հեղինակած դատապարտող հայտարարության տեքստը, որն, ասաց՝ բաց է, ԱԺ մյուս պատգամավորները ևս կարող են միանալ հայտարարությանը։ «Բարգավաճ Հայաստան»-ից հայտարարեցին՝ միանալ-չմիանալու հարցը կքննարկեն խմբակցությունում։

«Խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների և խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը։ Այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները», - հայտարարեց Կարապետյանը։

«Իմ քայլ»-ից Թագուհի Ղազարյանը նաև իշխանության համակիրներին կոչ արեց․ «Զերծ մնալ բռնությունից և բռնության կոչերից, որովհետև անգամ, եթե ձեր էմոցիաները տեղի են տալիս ի պաշտպանություն մեզ կամ ի համակրանք մեզ, էդ բռնարարքները և բռնության կոչերը ամենևին մեր օրակարգը չեն սպասարկում»։

Քննարկման ընթացքում նաև ատելության խոսքը քրեականացնելու առաջարկներ հնչեցին։ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի դիսպոզիցիան ընդլայնելու կողմնակից էր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը: Հոդվածն այժմ քրեական պատիժ է սահմանում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար։ Իշխանական «Իմ քայլ»-ից Գայանե Աբրահամյանը կարծում է՝ գաղափարական ու քաղաքական հայացքների համար պարբերական թիրախավորումը պետք է քրեականացվի։

Այնուհանդերձ այսօրվա քննարկման մասնակիցները շեշտեցին՝ տարիներ առաջ ապաքրեականացված զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնելու մասին չեն խոսում, այլ՝ դիտավորյալ ու պարբերաբար հնչող ատելության խոսքի։

«Ես ինքս, դուք ևս անընդհատ ուղորդված ատելության խոսքի թիրախ ենք դառնում արդեն ամիսներ շարունակ, եթե մենք դրան որևէ կերպ իրավական առումով չենք արձագանքում, դա հանգեցնելու է ինքնադատաստանի մշակույթի ձևավորման, վենդետաների ձևավորման, որը սարսափելի վտանգավոր կարող է դառնալ», - ասաց Աբրահամյանը։

«Բարի հայտարարություններով, բարի ցանկություններով, բարի դեմքով մենք էս խնդիրը չենք լուծելու, օրենքը պիտի հստակ արդեն կոնկրետ քրեական պատժամիջոց սահմանի, բայց մենք էնքան պիտի նուրբ էդ ձևակերպումները տանք, որ էս ատելության, բռնության քարոզը մենք կարողանանք իրավաբանորեն կարգավորել՝ չկպնելով հանկարծ որևէ մեկի արած արտահայտվելու իրավունքին», - հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Այսօրվա նիստում բանավեճ ծավալվեց «Իմ քայլի» պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Մարիա Կարապետյանի և հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջև: Մարիա Կարապետյանի հայտարարությունը, թե կարևոր է, որ հանձնաժողովն ավելի ակտիվ աշխատի, նիստեր չհրավիրի միայն օրենքների նախագծեր քննարկելու համար դուր չեկավ Նաիրա Զոհրաբյանին, նա կոչ արեց միմյանց հասցեին մեղադրանքներ չհնչեցնել։

«Որևէ անգամ, տիկին Ղազարյան, Դուք չեք ներկայացրել որևէ օրակարգ, եկել եք նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկել, չի կարելի», - նշեց Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG