Մատչելիության հղումներ

Իմ երազանքն է SKIMS-ի գործարան ստեղծել Հայաստանում. Քիմ Քարդաշյան


Հայկական ծաղիկների բույրով ոգեշնչված հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանից հեռանալուն պես կմտածի նոր օծանելիք ստեղծելու մասին:

WCIT-2019 համաժողովի բանախոս, մեգաաստղ Քիմ Քարդաշյանն այս մասին հայտարարեց՝ հավելելով, թե ինչքան տպավորված է իր հայաստանյան երկրորդ այցով․ - «Մի ինչ-որ մեծ գաղափար: Մի բան, որ ես երբևէ չեմ արել: Ես երեկ եմ ոգեշնչվել, երբ մեքենայով շրջում էինք Հայաստանի ճանապարհներով: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»:

Սոցիալական ցանցերում 250 միլիոն հետևորդ ունեցող մեգաաստղ Քարդաշյանը նաև հայտնեց, որ Միացյալ Նահանգներ է մեկնում է չորս նոր գաղափարներով: Հետնաբեմում լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում «Ազատությունը» փորձեց պարզել, թե ինչ լավ լուրեր է բերել հայաստանցիների համար, ինչի մասին նա ակնարկել էր իր թվիթերյան էջում հայաստանյան այցին ընդառաջ:

«Ազատություն»․ - Տիկին Քարդաշյան, Դուք քիչ առաջ բեմից պատմեցիք հայկական ծաղիկների մասին, ասացիք, որ դա ձեզ ոգեշնչում է և որ պատրաստվում եք նոր պրոդուկտ ստեղծել, որը թերևս կապված կլինի հայաստանյան ծաղիկների հետ: Բայց մինչև Հայաստան գալը Դուք ասել էիք, որ հայաստանցիների համար լավ նորություն ունեք: Արդյո՞ք դա նշանակում է, որ Դուք պատրաստվում եք ինչ-որ բիզնես սկսել կամ ներդրում կատարել այստեղ՝ մեր երկրում:

Քարդաշյան․ - Ես բանակցություններ եմ վարում մի շարք խոշոր հայ ներդրողների հետ՝ փորձելով գուցե այստեղ գտնել մի գործարան, որտեղ կկարողանանք իմ ձգող ներքնազգեստը արտադրել և փորձում ենք հասկանալ, թե այստեղ ինչ տիպի գործարաններ կան, որոնք կարող են նման արտադրանք թողարկել:

«Ազատություն»․ - Այսինքն Դուք մտադիր եք Հայաստան բերել Ձեր SKIMS-ի արտադրությո՞ւնը:

Քարդաշյան․ - Այո, այս այցելության ընթացքում հենց դա եմ փորձում անել: Այսօր երեկոյան հանդիպում ունեմ, որտեղ դա է քննարկվում: Սա ինձ համար շատ կարևոր հարց է: Եվ, օրինակ, PicsArt-ը, որի ներկայացուցիչը ինձ հետ բեմին էր, ես նրանց հետ աշխատում եմ, և մենք այցելելու ենք նրանց գրասենյակ: Ես շատ եմ սիրում աշխատել հայկական ընկերությունների, Հայաստանում գործող ընկերությունների հետ, և իմ երազանքն է SKIMS-ի գործարան ստեղծել այստեղ՝ Հայաստանում: Իսկ եթե դա չստացվի՝ գոնե նման մեկ այլ բան անել: Շատ կուզենայի:

Փայլուն կարիերա արած, չորս երեխաների մայր Քիմ Քարդաշյանը բազմահազարանոց դահլիճում պատմեց, թե ինչ ինչպես է հասել այս փառքին․ հստակ նպատակ դրված չի եղել դառնալ հանրային անձ, պարզապես կազմակերպված մարդ էր, միշտ հաղթող: Եվ իր հաջողության պատմությունը սխալներից և հաջողություններից է կառուցվել: Դիմելով կանանց՝ ոգևորեց․ - «Կարևորը չկոտրվելն է»:

Արդեն մի քանի լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը նաև ասաց, որ իր կյանքով ցույց է տալիս, որ միշտ հնարավոր է նորանոր դռներ բացել: Հենց վառ օրինակն այն է, որ հեռուստաաստղը ներգրավվել է Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հոր օրինակով իրավաբանություն է ուսումնասիրում․ - «Ես իսկապես ցանկանում եմ իրավաբանական կրթություն ստանալ, որովհետև զգում եմ, որ ինչքան շատ իմանամ օրենքի մասին, այնքան ավելի մեծ կլինեն իմ հնարավորությունները՝ փոխելու այն: Կարծում եմ, որ իմ հայրը իսկապես ազդեցություն ունեցել է այդ որոշման վրա: Բայց ես գիտեմ, որ նա իմ ցանկացած որոշում էլ կընդուներ: Տարիներ առաջ նա ինձ բացատրել է, թե որքան բարդ է մտնել այս ոլորտ: Այնպես որ, նա լավագույն հայրն էր, ով հարգանքով էր վերաբերվում ցանկացած որոշման, որ մենք կընտրեինք»:

Ընտանիքի մասին խոսելիս Քարդաշյանն ընդգցեց, որ իր համար մեծ պատիվ էր երեխաներին Հայաստանում մկրտելը: Հիշողություն է, որ կմնա իր հետ հավերժ:

Հարցին, թե արդյոք կյանքի բոլոր մանրամսները հրապարակելով չի վտանգում իր անձնական կյանքը, Քարդաշյանն պատասխանեց, թե սկզբում չգիտեր, ինչ է նշանակում privacy, բայց մեծանալով, երեխաներ ունենալով, հասկանում ես, որ անվտանգության հարցեր կան․ - «Իմ նպատակը շատ բարի, կարգին երեխաներ մեծացնելն է: Եվ մինչև այժմ նրանք այդպիսին են: Ես շատ հպարտ եմ դրանով, որ նրանք չափազանց խոնարհ և նորմալ են, թեև դեռ շատ բան չեն հասկանում: Այնպես որ, դա մի բան է, որի վրա ես զգում եմ, որ պետք է շատ քրտնաջան աշխատեմ»:

Այսօր քաղաքական գործիչներից շատերը ներկայացված են սոցիալական ցանցերում: Հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցիալական ցանցերում ակտիվ լինելու վերաբերյալ, Քարդաշյանն արձագանգքեց՝ ինչո՞ւ ոչ, եթե կարող է օգտակար լինել:

XS
SM
MD
LG