Մատչելիության հղումներ

Եվրամիության առաջնահերթ խնդիրներն են Բալկանները և Ուկրաինան․ ԵՄ ԱԳ նախարարի թեկնածու


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի թեկնածու, Իսպանիայի արտգործնախարար Ժոզեպ Բորելը, Բրյուսել, 7-ը հոկտեմբերի, 2019թ.
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի թեկնածու, Իսպանիայի արտգործնախարար Ժոզեպ Բորելը, Բրյուսել, 7-ը հոկտեմբերի, 2019թ.

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի թեկնածու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ 28 երկրներից կազմված կառույցի համար արտաքին ասպարեզում առաջնահերթ են Բալկանների և Ուկրաինայի խնդիրները:

Բորելը, ով ներկայումս Իսպանիայի արտգործնախարարն է և հաստատվելու դեպքում կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատասխանել է օրենսդիրների հարցերին:

Նա ասել է, որ միջազգային ասպարեզում Եվրոպական միությունը բախվում է Չինաստանի հետզհետե հզորացող ազդեցությանը, Կրեմլի ագրեսիվ ճնշումներին և, բացի այդ, Միացյալ Նահանգների հետ պարբերաբար ծագող վեճերին:

«Բալկանները և Եվրոպայի արևելյան ճակատը կլինեն մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները», - ասել է Ժոզեպ Բորելը և ավելացրել. - «Եվրամիությունը չի կարող գլոբալ հավակնություններ ունենալ, եթե ունակ չէ լուծել իր անմիջական սահմաններին առկա հարցերը»:

Բորելը հայտնել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատուի պաշտոնը ստանձնելու դեպքում առաջին այցը կկատարի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

Կոսովոն 2008 թվականին է անկախություն հռչակել Սերբիայից: Եվրամիության 4 երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, տակավին չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG