Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՊՆ․ Սիրիայում ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են


Ամերիկացի զինծառայողները և Թուրքիայի ԶՈՒ զինտեխնիկան Սիրիայի տարածքում, 18-ը սեպտեմբերի, 2019թ․

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ ավարտվել են Սիրիայի հյուսիս-արևելքում հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի Եփրատ գետից արևելք անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի մտադրությանը, որը երկարաժամկետ հեռանկարում նպատակ ունի այդ տարածում վերաբնակեցնել շուրջ 2 միլիոն սիրիացի փախստականների։

Այդ տարածաշրջանում տեղակայված մոտ հինգ տասնյակ ամերիկացի զինծառայողները վերադիրքավորվել են Սիրիայի տարածքում, երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նա նաև հերքել է այն տեղեկությունները, թե ամերիկյան զորքերը լքում են Սիրիան ընդհանրապես:

Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում զգուշացրել է, որ եթե ամերիկացի որևէ զինծառայողի որևէ բան պատահի, Անկարան լուրջ խնդիրներ կունենա։

XS
SM
MD
LG