Կիրակի օրը Կոսովոյում կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ են արձանագրել ընդդիմադիր կուսակցությունները: Քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվարկի արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր «Ինքնորոշում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 26, իսկ «Կոսովոյի դեմոկրատական լիգան»` 25 տոկոսը:
Դեռ քարոզարշավի շրջանում երկու քաղաքական ուժերը հայտարարում էին, որ հաղթանակի դեպքում կոալիցիոն կառավարություն են ձևավորելու:
«Ինքնորոշում» կուսակցության առաջնորդ Ալբին Քուրտին հայտարարել է, որ այս ընտրություններով Կոսովոյի պատմության նոր էջ է բացվում:
«Երբ մենք գանք իշխանության, պետական կառույցներում և կառավարության կազմում այլևս գողեր չեն լինի: Օրենքի պահանջին համապատասխան նրանք կենթարկվեն պատասխանատվության և կպատժվեն», - անցած գիշեր դիմելով Պրիշտինայի կենտրոնում հավաքված իր կողմնակիցներին՝ հայտարարում էր Կոսովոյի ընդդիմության առաջնորդը: