Մատչելիության հղումներ

Վարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։

Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։

ՀՀ վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող այլ բիզնես ծրագրերի ընթացքի շուրջ։

«Տիեռաս դե Արմենիա» տնտեսությունում մշակվում են շուրջ 400 հա խաղողի այգիներ։ Աճեցված խաղողը հիմնականում օգտագործվում է գինու արտադրության համար։ Ոռոգումն ամբողջությամբ իրականացվում է կաթիլային համակարգով, տրակտորների պարկը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, հիմնական և ժամանակավոր (սեզոնային) աշխատակիցների թիվը կազմում է 350։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG