Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը պետք է սեփական լրատվամիջոց ունենա՝ ԱՄՆ-ի հանդեպ ատելությանը դիմակայելու համար. Թրամփ


Նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, թե Սպիտակ տունը պետք է իր սեփական լրատվամիջոցն ունենա՝ «Միացյալ Նահանգների հանդեպ ատելությանը դիմակայելու համար»։

Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդել է, թե ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես CNN-ը, կեղծ լուրեր և ատելություն են տարածում։

«Մենք պետք է բացենք մեր սեփական ցանցը և դրա միջոցով տարածենք հավաստի լուրեր», - հայտարարել է Թրամփը։ Ելույթ ունենալով Ֆլորիդայում՝ ԱՄՆ նախագահը նշել է նաև «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի ու «Ամերիկայի ձայնի» անունները, որոնք ֆինանսավորվում են ամերիկյան կառավարության կողմից։

«Մենք ունեինք «Ազատություն» ռադիոկայան և «Ամերիկայի ձայն», և դրանք հիմնել էինք մեր երկրի ամրապնդման համար։ Սակայն, դա այդքան էլ լավ չի աշխատում», - ասել է Թրամփը։

«Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլինը, արձագանքելով նախագահ Թրամփի այդ դիտարկմանը, նշել է, որ հակառակ Սպիտակ տան ղեկավարի գնահատականներին, 1950 թվականից գործող լրատվամիջոցը շարունակում է ամենօրյա օբյեկտիվ լրագրողական աշխատանքը, «որն ուղղված է բոլոր նրանց, ովքեր այլ կերպ չէին ստանա լուրեր և տեղեկատվություն հուսալի աղբյուրներից»։

«Մենք հավատում ենք, որ մի ժամանակաշրջանում, երբ ճշմարտությունը ենթարկվում է սաստկացող հարձակումների, թվային հարթակներում, ռադիոյով և հեռուստատեսությամբ ապատեղեկատվությանը դիմակայելու մեր հանձնառությունը, ինչպես նաև վստահելի լրատվության տարածումը կարևոր է ավելի, քան երբևէ» - ընդգծել է Ֆլինը։

«Ամերիկայի ձայնի» ղեկավար Սթիվ Հերմանն իր հերթին Թվիթերում գրել է, թե ընկերությունը շարունակում է աշխատել, ինչի մասին Թրամփը պետք է, որ տեղյակ լիներ, քանի որ իր նախագահության ընթացքում երկու անգամ հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG