Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում կանցկացվի գիտաժողով նվիրված սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանին


Երևանի պետական համալսարանի շենքը, արխիվ
Երևանի պետական համալսարանի շենքը, արխիվ

Սփյուռքահայ անվանի բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, մանկավարժ Մուշեղ Իշխանի թողած ստեղծագործական ժառանգությանն է նվիրված առաջիկա երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կայանալիք գիտաժողովը, որը կազմակերպվել է «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հետ համատեղ:

Բանախոսություններով հանդես կգան անվանի գրականագետներ թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից:

Գիտաժողովի առիթով Հայաստան ժամանած «Համազգային հայ կրթական և մշակութային միության» կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում նշեց. «Մեր այս գիտաժողովը Երևանի պետական համալսարանի հետ գործակցության առաջինը չէ, մոտավորապես տասնյակ գիտաժողով ենք արել միասնաբար Երևանի պետական համալսարանի հետ։ Մի մոռացեք, որ համալսարանի գլխավոր հիմնադիրը Նիկոլ Աղբալյանն է, որ հիմնել է նաև Համազգայինը, այնպես որ շատ ազգական, խնամի, բարեկամ կազմակերպություններ են, իհարկե, թե՛ տարիքով, 100 տարեկան է հիմա, մենք 90 տարեկան էինք անցած տարի։ Անշուշտ, մակարդակով ավելի բարձր հաստատություն է համալսարանը, Համազգայինը մշակութային և կրթական կազմակերպություն է»։

«Մուշեղ Իշխանի ուսուցիչները եղել են՝ առաջինը՝ Նիկոլ Աղբալյանն է ներկայացվել, երկրորդը՝ Լևոն Շանթը և նաև գրեթե անմիջապես վերջ՝ Հակոբ Օշականը։ Հիմա քննարկման է ենթարկվում Մուշեղ Իշխանի աշխատանքը, սկզբից բավական քննադատության արժանացանք՝ ինչո՞ւ միայն սփյուռքահայ հեղինակներ է ներկայացվում, գիտաժողովի մասին է խոսքը, որովհետև այս հեղինակները՝ Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ, Համաստեղ, Մուշեղ Իշխան բավական երկարատև արգելված էին Հայաստանում։ 60-ական թվականներից կամաց-կամաց սկսեցին ներկայացվել հանրությանը, բայց առավելաբար ակադեմիական աշխատանքները և մասնագետների համար։ Մինչև այսօր այս մարդիկ ժողովրդական ընթերցանության նյութեր չեն դարձել։ Մեկ-մեկ դասագրքերում տրված են, բայց Պարույր Սևակի նման բազմաթիվ ընթերցող չեն ունեցել, չեմ ասում, որ յուրաքանչյուրը Պարույր Սևակ է, բայց վերջիվերջո Նիկոլ Աղբալյանը, երբ ստիպված եղավ արտասահման գնալու, արդեն հասած մտավորական էր», - նշեց Մկրտիչ Մկրտչյանը։

Մկրտչյանն ասաց, որ նրանք պետք է ներկայացվեն, որովհետև անկախ իրենց գեղարվեստական արժեքից, նաև անհատականություն են, որն ինքնին դաստիարակիչ է։

«Ազատության» հարցին, թե «Համազգային հայ կրթական և մշակութային միությունն» առաջիկայում ի՞նչ ծրագրեր է անելու և ի՞նչ հեռանկարներ կան, Մկրտչյանը պատասխանեց. «Այս գրասենյակը կառուցված է որպես կառույց Հայաստանի և սփյուռքի միջև, և այդ դերակատարությունը շուրջ 30 տարի է։ Ընդհանուր ծրագիրներ կան, որոնք ուղղված են առավելապես սփյուռքի հայության և սփյուռքի երիտասարդության համար։ Մենք ունենք մշակութային ձեռնարկ այս անգամ անգլերենով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG