Մատչելիության հղումներ

Թրամփը նաև Պեկինին է հորդորում զբաղվել Բայդենով


Հանթեր Բայդենը հոր՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, Պեկին, 5 դեկտեմբերի, 2013թ.

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հարձակումները 2020 թվականի ընտրություններում հավանական մրցակից, դեմոկրատական Ջո Բայդենի վրա:

Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հարցաքննել են Ուկրաինայի հարցով արդեն նախկին բանագնաց Կուրտ Վոլքերին, ով օրերս է հրաժարական ներկայացրել:

Պարզվում է, Թրամփը ոչ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում է մի քանի անգամ հետևողականորեն խոսել Բայդենի մասին: Այդ զրույցից առաջ Վոլքերը Զելենսկու խորհրդական Անդրեյ Երմակին ուղարկել է SMS այս բովանդակությամբ. «Լուր ստացա Սպիտակ տնից, թե նախագահ Զելենսկին Թրամփին կհավաստիացնի, որ զբաղվելու է 2016 թվականի հարցով, մենք հանդիպման օր կնշանակենք»:

SMS-ներով տեղեկություններ են փոխանակվել նաև Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ, ձեռք են բերվել հեռախոսային խոսակցություններ վարելու պայմանավորվածություններ:

Թրամփի պնդմամբ, 2016-ին Բայդեն ավագը միջամտել է Ուկրաինայի դատաիրավական հարցերին և, իբրև թե, պահանջել է սառեցնել Burisma ընկերությանն առնչվող հետաքննությունն ու պաշտոնանկ անել դատախազին:

Հանթեր Բայդենը ժամանակին՝ երբ հայրը փոխնախագահ էր, եղել է էներգետիկայի ոլորտում աշխատող Burisma ընկերության գործադիր խորհրդի անդամ:

Հուլիսի 25-ի հեռախոսազրույցն իմփիչմենթի առիթ է դարձել, քանի որ դեմոկրատների համոզմամբ, նախագահը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և օտար երկրի ղեկավարից փորձել է կորզել Ջո Բայդենին վարկաբեկող նյութեր:

Թրամփը նաև սառեցրել է Ուկրաինայի համար նախատեսված մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումը:

Թրամփը շարունակում է պնդել, որ իմփիչմենթի գործընթացը կարգավորող դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆը «դավաճան» է:

«Մենք նրանք հենց էնպես չենք անվանում երկերեսանի քամելեոն Շիֆ, նա անազնիվ, վատ տղա է»,- ասել է նախագահը:

Շիֆն արձագանքել է, թե ստացվող տեղեկատվությունն էլ ավելի է համոզում, որ նախագահը՝ հանուն անձնական քաղաքական շահի, խախտել է օրենքը և օտար երկրի ղեկավարի վրա ճնշում է բանեցրել:

«Դա նախագահի լիազորությունների աղաղակող չարաշահում է»,- ասել է Շիֆը:

Մինչդեռ, Բայդենի հարցով հետաքննություն նախաձեռնելու մասին Ուկրաինայի նախագահի հետ զրուցելուց զատ Թրամփն այդ թեման արծարծել է նաև իր չինացի պաշտոնակից Սի Ծինպինի հետ զրույցում:

Թրամփը պնդում է, որ Կիևը և Պեկինը պարտավոր են հետաքննել Ջո Բայդենի և նրա որդու գործողությունները:

«Եթե ես լինեի Զելենսկու տեղը, ես հաստատ կառաջարկեի հետաքննել Բայդենների գործը, դա պետք է անի նաև Չինաստանը, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Չինաստանում, նույնքան վատ է, որքան այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում»,- ասել է Թրամփը:

Ուկրաինայի նորանշանակ գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան այսօր ասել է, թե այս պահին չկա որևէ հանգամանք, որը կվկայեր Հանթեր Բայդենի կողմից արված ապօրինություններ մասին:

Հանրապետականները Բայդեն ավագին քննադատում են նաև 2013 թվականին որդուն փոխնախագահի օդանավով Չինաստան տանելու համար, նշելով, որ Հանթերն այն ժամանակ բիզնես է վարել չինացիների հետ:

Պեկինն արդեն արձագանքել է ԱՄՆ նախագահին, նշելով, որ նրա պնդումը մտածածին, դատարկ կշտամբանք է:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանը դա հրամցրել է իր երկրին հատուկ մշակութային-փիլիսոփայական ոճով:

«Այդ ամենը նման է քամու հետևից ընկնելուն և ստվերից բռնվելուն»,- ասել է խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG