Մատչելիության հղումներ

Էդուարդաս Մեժելայտիսի 100-ամյակը նշվում է նաև Երևանում


Էդուարդաս Մեժելայտիս
Էդուարդաս Մեժելայտիս

Իր նշանավոր զավակներից գրող, բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդաս Մեժելայտիսի ծննդյան 100-ամյա հոբելյանն այսօր նշում է ոչ միայն Լիտվայի Հանրապետությունը: Մեժելայտիսի հոբելյանը հանդիսությամբ կնշվի Երևանում, Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի նախաձեռնությամբ:

«Այսօր լրանում է Մեժելայտիսի ծննդյան 100-ամյակը, և շատ մեծ դժվարությունով, ես կարողացա հաղթահարել այդ դժվարությունները և հենց իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանում նշել նրա ծննդյան հարյուրամյակը: Էդուարդաս Մեժելայտիսը հազարավոր թելերով կապված էր Հայաստանի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բախչինյանը:

Լիտվացի բանաստեղծը հայ ժողովրդի մեծ բարեկամն է եղել ոչ միայն խորհրդային տարիներին:

Ֆելիքս Բախչինյան․ - «Նա նաև 1988 թվի երկրաշարժից հետո Լիտվայում եղել է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահը: Ինքը Լիտվայի Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալն էր, ի պաշտոնե իրեն էր հանձնարարվել կատարել այդ գործը: Մեժելայտիսի շնորհիվ էր, որ լիտվացիները ծանոթացան հայ մշակույթին, հայ գրականությանը: Նրա թարգմանությունները, նրա հոդվածները օգնեցին իր ժամանակի երիտասարդ սերնդին ծանոթանալ Հայաստանի, հայ մշակույթի հետ: Եվ ինձ թվում է, որ դա էր պատճառը, որ Հայաստանի անկախությունը առաջին պետությունը որ ճանաչեց, Լիտվայի Հանրապետությունն էր: Ինչպես նաև Մերձբալթիկայի միակ հանրապետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և ստեղծվել է Լիտվա - Արցախ խորհրդարանական խումբ»:

Ֆելիքս Բախչինյանը ժամանակին ուսանել է Վիլնյուսի պետական համալսարանում, բազմիցս հանդիպել է Մեժելայտիսին, թարգմանել է նրա հոդվածներն ու հրատարակել առանձին գրքերով: Նաև Ֆելիքս Բախչինյանի տողացի թարգմանություններով է Վահագն Դավթյանը թարգմանել Մեժելայտիսի բանաստեղծական ժողովածուն՝ «Քարե գինին»:

«Ես Մեժելայտիսի հետ առաջին անգամ հանդիպել էի 1978 թվի ապրիլին: Հետո ես հրատարակեցի Մեժելայտիսի մի փոքրիկ գրքույկ իմ թարգմանությամբ՝ «Սա Հայաստանն է»: Մեժելայտիսը գիրք ունի «Սա Լիտվան է», ես էլ էդպես վերնագրեցի: Դրա համար ինձ տվեցին կուսակցական նկատողություն և աշխատանքից ազատեցին: Որ դա հակասովետական է: Չնայած հոդվածները Նարեկացու մասին էին, Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի մասին»:

«Ազատության» հարցին, թե ինչ չափով է հայ հանրությանը ներկայացված Մեժելայտիսը, Բախչինյանը պատասխանեց․ - «Մեժելայտիսի բախտը Հայաստանի մակարդակով շատ է բերել: Իրեն թարգմանել են իրեն հավասար երկու բանաստեղծ՝ Պարույր Սևակը և Վահագն Դավթյանը»:

Ֆելիքս Բախչինյանն ասաց, որ Մեժելայտիսի հոբելյանը Հայաստանում նշելու իր նախաձեռնության մասին Լիտվայում որևէ մեկի չի տեղեկացրել․ - «Միայն իրենց դեսպանին եմ տեղյակ պահել: Այսօր Լիտվային խորհրդարանի նախագահն է այցելել Հայաստան: Նաև տեղյակ եմ պահել, որ եթե ժամանակ ունենան, իրենց պատվիրակությունը մասնակցի հոբելյանական երեկոյին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG