Մատչելիության հղումներ

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը վերադարձավ Հայաստան


Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը
Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը

Երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեծ մեդալներով թայլանդական Պատայայից Հայաստան վերադարձավ ծանրամարտի տղամարդկանց հավաքականը։ Աշխարհի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանը հանգրվանեց 3-րդ հորիզոնականում՝ զիջելով միայն Չինաստանին և Հյուսիսային Կորեային։

Իրենց քաշային կարգերում ուժեղագույնն էին Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, գերծանրների պայքարում էլ արծաթ ու բրոնզ նվաճեցին համապատասխանաբար Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։

Հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը խոսելով իր սաների մասին՝ ասում է՝ Ալեքսանյանն ու Մարտիրոսյանը կամային շատ բարձր հատկանիշներ ունեն, ըստ մարզիչի, նրանք մրցասպարեզ դուրս գալիս գիտեն, որ գնում են ծանրաձողը բարձրացնելու։ Ալավերդյանի խոսքով, դա նույնիսկ իրեն վախեցնում է՝ հանկարծ մի բան չլինի, նա օրինակ է բերում Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթներից։

«Նա կարող է մարզումների ժամանակ նույնիսկ թույլ էլ զգա իրեն, նույնիսկ կարող է հիասթափվես էլ, ասես՝ էս ոնց պիտի գնանք աշխարհի առաջնություն, բայց իմանալով իրեն, որ ինքը կարողանում է շատ արագ ձևով այդ պահին իրեն հավաքել, էդ գոռոցը, որ լսում եք, դա պատահականություն չէ, նա իր մեջ կարողանում է եղածը, հինը, նորը միացնել և բարձրացնել ծանրաձողը», - ասաց հավաքականի մարզիչը։

Փաշիկ Ալավերդյանն անդրադարձավ նաև կանանց հավաքականին, որը վերջին շրջանում լուրջ հաջողություններ չի գրանցում, գլխավոր մարզիչի խոսքով, պատճառն այն է, որ ժամանակին սերնդափոխության մասին ճիշտ չեն մտածել։

«Տղաների հավաքականի կազմում կա 2002 թվականի ծնված մարզիկ, այսինքն ընդամենը 17-ամյա պատանի, բայց նա մարզվում է էդ նույն Սիմոնի հետ, նույն Գոռի հետ, բայց միշտ չէ, որպեսզի արդեն հետագայում էդ սերնդափոխությունը չզգանք, մեքենայաբար կատարվի, մեկը գնա, մյուսը գա և այդ կիլոները պատրաստ լինեն իրենք բարձրացնելու», - նշեց Փաշիկ Ալավերդյանը։

Ըստ Ալավերդյանի, աղջիկներին խանգարեց նաև դոպինգային սկանդալը, խթանիչներ օգտագործելու համար հավաքականին այլևս չի օգնի Հռիփսիմե Խուրշուդյանը, որն ի դեպ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ զրկվեց բազմաթիվ նվաճումներից, վերադարձրեց նաև օլիմպիական բրոնզը։ Ըստ միջազգային ֆեդերացիայի, խթանիչներ են օգտագործել նա Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը ու Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում առաջին տեղը զբաղեցրած Սոնա Պողոսյանը։

«Հիմա պետք է նրանց հոգեկան պատրաստվածության համար, որ նրանք հավատն, որ առանց որևիցե բանի կարելի է բարձրացնել այդքան մեծ, հսկա ծանրաձողերը և կարողանան նույնիսկ իրենց նախնիների տեղերը գրավելով բարձրանան բարձունքներ», - ընդգծեց մարզիչը։

Հիշեցնենք, որ դոպինգային սկանդալից չխուսափեց նաև տղամարդկանց հավաքականը, Ծանրամարտի միջազգային ֆեդարացիան արգելված խթանիչների օգտագործման փաստեր էր հայտնաբերել Տիգրան Մարտիրոսյանի ու Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերում։

Այս սկանդալների արդյունքում հաջորդ տարվա օլիմպիական խաղերին Հայաստանը կկարողանա մասնակցել ընդամենը 4 ծանրորդով՝ երկու տղամարդ, երկու կին։
Խոսելով օլիմպիական խաղերից իր սպասելիքների մասին՝ Ալավերդյանն ընդգծում է՝ Սիմոն Մարտիրոսյանի աշխարհի առաջնության ընթացքում ցույց տված արդյունքը բավարար չի լինելու օլիմպիական ոսկի նվաճելու համար։ Սիմոնը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 199 կիլոգրամանոց ծանրաձողը՝ սահմանելով աշխարհի ռեկորդ, հրում վարժությունում էլ հայ ծանրորդը հաղթեց 230 կիլիոգրամանոց ծանրաձողին։

«Նրա հնարավորությունները անցյալ տարվա՝ 240-ը ինքը պարտադիր է՝ կրկնի, 200 կգ պոկումը կատարի և հանգիստ վիճակում կդառնա օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ես չգիտեմ, թե ով ինչքան է հիասթափված էդ կիլոգրամներից, բայց ես հուսահատված չեմ, նրան ինչքան պետք է էդքան էլ բարձրացնելու է», - ասաց նա։

Աշխարհի մյուս չեմպիոնի՝ 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանի օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին գլխավոր մարզիչն ասաց՝ Տոկիո գնալու համար նա կամ պետք է քաշ գցի, 81-երի պայքարին մասնակցելու համար, կամ էլ քաշ հավաքի ու մրցի 96 կգ քաշայինների հետ, քանի որ 89 կգ քաշն օլիմպիական չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG