Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականն այցելում է Արցախ․ Փալոնը հանդիպել է Սահակյանի և Մայիլյանի հետ


ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը երեկ Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը և Փալոնը քննարկել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Արցախի նախագահը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը` ուղղված հայկական հարցի և արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը, նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք:

Մասիս Մայիլյանը Ֆրենկ Փալոնի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել կոնգրեսականի հետևողական ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին։ Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի միջազգային համագործակցության բնագավառում ամերիկյան ուղղությունը կարևոր տեղ է զբաղեցնում՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի ներուժը և ԱՄՆ-ի հետ հաստատված բարեկամական կապերը։ Կողմերն ընդգծել են շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Արցախի և ԱՄՆ քույր քաղաքների միջև, ինչպես նաև Արցախի և ԱՄՆ նահանգների հետ, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող բանաձևեր։

Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ «Այս համատեքստում անդրադարձ է կատարվել շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած վերջին սադրանքներին։ Կողմերի գնահատմամբ՝ նշված միջադեպերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման հրատապությունը», - ասված է Արցախի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, անցած շաբաթ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց հակառակորդի դիվերսիայի փորձը կասեցնելու և Orbiter-2 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

XS
SM
MD
LG