Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Երևանում ի պաշտպանություն Ռուսաստանում ձերբակալված իրավապաշտպանների


Բողոքի ակցիա Բաղրամյան պողոտայում, 1-ը հոկտեմբերի, 2019 թ.

«Ազատություն բոլորին», «մեր և ձեր ազատության համար» և այսպիսի լուզունգներով մի խումբ իրավապաշտպաններ Բաղրամյան 26-ի դիմաց դիմավորեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով Երևան էր ժամանել ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Ցուցարարներն այսպիսով իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանում ձերբակալված իրենց գործընկերներին, ինչպես նաև հուլիսից մայրաքաղաք Մոսկվայում անցկացված բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որը Բաղրամյան 26-ում տեղի ունեցած ակցիայի կազմակերպիչներից է, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ռուս գործընկերի հետ շփումներից տպավորություն է ստացել, որ այնտեղ տրամադրությունները մարտական են։

«Իրենք սովոր են պայքարել այնպես, ինչպես որ մենք էինք սովոր ժամանակին պայքարել, տևական պայքարը ամրացնում է, ուժեղացնում է համոզմունքները ավելի ուժեղ է դարձնում, բայց, բնականաբար, էնպես, ինչպես մենք պարբերաբար ստիպված ենք լինում հուսահատության պահեր ապրել, որովհետև համակարգը հանցավոր էր, հիմա էլ նույն իրավիճակում են մեր գործընկերները էնտեղ», - ասաց Կարապետյանցը։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ միայն համախմբվածության շնորհիվ հնարավոր կլինի արդյունքի հասնել. «Միայն այն դեպքերում, երբ լինում է աջակցություն, երբ լինում է ժողովրդի ցասում, նաև միջազգային այլ երկրներում են լինում բողոքի ակցիաներ, նաև այդ ժամանակ տեսնում ենք, որ մենք ունենում ենք արդյունքներ՝ լրագրողների հետ կապված, ակտիվիստների հետ կապված»։

Կարապետյանցը շեշտում է՝ իրենց ակցիան միայն ռուսաստանցիների համար չէր, այն վերաբերում էր նաև այն երկրներին, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ, հատկապես հետխորհրդային պետություններում։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր գործընկերները, քաղաքացիները, մարդիկ իմանան, որ իրանք մենակ չեն էնպես, ինչպես որ մենք մեզ մենակ չէինք զգում ժամանակին, երբ մենք ունեինք քաղաքական բանտարկյալներ», - նշեց Կարապետյանցը։

Ռուսաստանցիների բողոքի ալիքը սկսվեց Մոսկվայի դումայի ընտրություններից առաջ, երբ մոսկովյան ընտրական հանձնաժողովը հրաժարվեց գրանցել ընդդիմադիր թեկնածուներին։

Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված սա միակ ցույցը չէր այսօր, օրվա երկրորդ կեսին համացանցում տեսանյութ տարածվեց, որի մասնակիցները հնչեցնում էին «կեցցե Պուտինը» կոչը:

Ինչպես պարզվեց՝ ի աջակցություն ԵԱՏՄ-ի ցույցի էին դուրս եկել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ու Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը։

Թե ինչո՞ւ էին «կեցցե Պուտինը» վանկարկում՝,Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ «Որովհետև այդ ղեկավարը շատ մեծ հեղինակություն է վայելում այն անձանց մոտ, ովքեր որ նման տեսակետ են արտահայտել, և գտնում են, որ նա այն ղեկավարն է, որն ամբողջ աշխարհում մեծ համբավ ունի»։

Կոմունիստներին չի կաշկանդում այն հանգամանքը, որ աջակցում են մի երկրի ղեկավարի, որը ճնշում է ժողովրդավարական ազատությունները և բռնի ուժ կիրառում խաղաղ ցուցարարների հանդեպ։

«Մենք շատ լավ գիտենք՝ ում կողմից է ֆինանսավորվում, ինչի համար է ֆինանսավորվում, նույն այդ կառույցները, այդ ֆոնդերը և այլն, դրանք քանդեցին Խորհրդային միությունը, հիմա ուզում են քանդեն Ռուսաստանը, ծնկի բերել Ռուսաստանը։ Էդ համատեքստում գտնում ենք, որ այդ գործողությունները միգուցե կարող է մի քիչ համաչափ չէին, բայց միևնույնն է նաև ցուցարարների գործողություններն էլ համաչափ չէին։ Նրանք ստացել են իրենց արած գործողություններին համարժեք պատասխան», - ասաց Ղազարյանը։

Զրույցի վերջում Ղազարյանը հայտնեց՝ Կոմկուսը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական հաջորդ ընտրություններին:

XS
SM
MD
LG