Մատչելիության հղումներ

Մանդատը գրավադրած ադրբեջանցի պատգամավորը լքում է Միլի մեջլիսը


Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստ, արխիվ
Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստ, արխիվ

Պատգամավորական մանդատը գրավադրած ադրբեջանցի օրենսդիրը լքում է Միլի մեջլիսը: 61-ամյա պատգամավորի հրաժարականի դիմումի մասին հայտնի է դարձել նախօրեին:

Այժմ արդեն նախկին պատգամավոր Ռաֆայել Ջեբրայիլովը սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ պարզվել է, որ նա իր պատգամավորական մանդատը գրավ է դրել 300 հազար դոլար պարտքի դիմաց: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում նկարահանված է պատգամավորի կողմից մանդատը գրավ դնելու պահը, այդ տեսանյութում Ջեբրայիլովը երդվում է, որ պարտքը ժամանակին կվերադարձնի, դեռ մի բան էլ ավելին՝ բնակարան կնվիրի պարտատիրոջը: Եվ չնայած մանդատը պահ տալուն ու նույնիսկ, ինչպես այդ տեսանյութն է վկայում, Ղուրանով և Ալլահի անունով երդում-հավաստիացումներին, Ջեբրայիլովը տարիների ընթացքում չի վերադարձրել պարտքը՝ ասելով, թե իր ու եղբոր բիզնեսը՝ բնակարանաշինությունը, եկամուտներ չի բերում, բնակարանները չեն վաճառվում: Այս տարվա փետրվարին պարտատերը դիմել է իրավապահներին, ավելի ուշ դատարանը պատգամավորին պարտավորեցրել է վերադարձնել պարտքը:

Ռաֆայել Ջեբրայիլովը, ի դեպ, մասնագիտությամբ իրավաբան է, տարիներ շարունակ նա աշխատել է իրավապահ մարմիններում որպես քննիչ, ապա մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել երկրի դատախազությունում: Նա ավելի քան 50 գիտական հոդվածների հեղինակ է, նաև նշվում է պաշտոնական կենսագրականում:

Ադրբեջանական ոչ իշխանամետ մամուլը կես լուրջ, կես կատակ գրում է, որ Ջեբրայիլովի հրաժարականից հետո Միլի մեջլիսն այլևս առաջվանը չի լինի:

Ֆինանսական պարտավորություններում թերացած պատգամավորը ոչ միայն հեղինակ է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների, այլ նաև ակտիվորեն մեկնաբանում էր միջազգային քաղաքականությունը և հատկապես ղարաբաղյան հակամարտությունը:

Պատգամավոր Ջեբրայիլովը, օրինակ, բավական կոշտ էր արձագանքել Եվրոպայում փախստականների ընդունելու նախաձեռնությանը: Այդ մասին իր բազմաթիվ հարցազրույցներում նա անթույլատրելի էր համարել նման քանակությամբ մարդկանց ընդունումը: Նրա կարծիքով՝ Եվրոպան ինքն է մեղավոր այդ իրավիճակում հայտնվելու համար:

Ռաֆայել Ջեբրայիլովը սիրում էր նաև հաճախ պնդել, որ Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում, բայց և զգուշացնում էր՝ չի հաջողվի, ադրբեջանական ժողովուրդն իմաստուն է:

Կարգազանց պատգամավորին հատկապես հոգեհարազատ էր ղարաբաղյան հակամարտության թեման: «Հայաստանը հրաժարվել է հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում, այդ իսկ պատճառով էլ տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը», - մասնավորապես հայտարարել էր Ջեբրայիլովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG