Մատչելիության հղումներ

Հասարակածային Գվինեայի փոխնախագահի մեքենաների հավաքածուն վաճառվել է 27 միլիոն դոլարով


Հասարակածային Գվինեայի փոխնախագահ Թեոդորո Նգուեմա Օբիանգ Մանգուե, արխիվ

Շվեյցարական Bonhams աճուրդի տունը նախօրեին ավելի քան 27 միլիոն դոլարով վաճառել է երկու տասնյակից ավելի ավտոմեքենաներ, որոնք առգրավվել էին Հասարակածային Գվինեայի առաջին փոխնախագահից: Վերջինս ստիպված էր հրաժեշտ տալ թանկարժեք հավաքածուին, քանի որ Շվեյցարիայի իշխանությունները նրա դեմ քրեական գործ էին հարուցել՝ փողերի լվացման ու բյուջեի միջոցները անարդյունավետ ծախսելու մեղադրանքով: Հետաքննությանը մասնակցել էին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մոնակոյի, Դանիայի ու Նիդերլանդների իրավապահները:

Տարիներ շարունակված ուսումնասիրություններից հետո՝ այս տարվա փետրվարին, իրավապահները կարճել էին գործը, քանի որ ամբաստանյալն ընդունել էր մեղքն ու համաձայնել 7 Ferrari-ները, 3 Lamborghini-ները, 5 Bentley-ներն ու Maserati-ն տրամադրել սոցիալական ծրագրերի իրականացման համար: Լյուքս կարգի այս մեքենաներից բացի, Թեոդորո Նգուեմա Օբիանգ Մանգուեն պարտավորվել էր նաև շվեյցարական կողմին ավելի քան մեկ միլիոն եվրո փոխանցել՝ դատավարական ծախսերի փոխհատուցման համար:

Ընդ որում, Օբիանգն առաջին անգամ չէր նման պատմության մեջ հայտնվում: 2014-ին Միացյալ Նահանգների դատախազությունն էր աճուրդով վաճառքի հանել Ֆլորիդայում գտնվող նրա առանձնատունը, Ferrari մեքենան ու Մայքլ Ջեքսոնի՝ երկու մետրանոց վեց արձանները, նույն՝ փողերի լվացման մեղադրանքով:

2017-ին Փարիզի դատարանը նրան հեռակա 3 տարվա ազատազրկման էր դատապարտել, սառեցրել ֆրանսիական բանկերում գտնվող մոտ 100 միլիոն եվրոն ու առգրավել Փարիզի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանը, պնդելով, թե այդ ամենը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով և հարկատուների հաշվին:

Անցած տարի էլ Բրազիլիայի իրավապահներն էին քրեական գործ հարուցել, երբ Օբիանգ կրտսերը երկիր էր մտել 9 ուղեկցողներով ու 19 ճամպրուկներով, որոնց մեջ իրավապահները ավելի քան մեկ միլիոն դոլար ու 15 միլիոն դոլար արժողությամբ զարդեր ու ժամացույցներ էին գտել:

Ի դեպ, աղմկահարույց այս պատմությունների հերոսը ոչ միայն Հասարակածային Գվինեայի փոխնախագահն է, այլև նույն երկրի արդեն քառասուն տարվա նախագահ, բռնապետ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոյի ավագ որդին:

Աստղաբաշխական այս գումարները նախագահական ընտանիքում սկսեցին շրջանառվել մոտ 20 տարի առաջ, երբ գիտնականները նավթի խոշոր պաշարներ գտան աֆրիկյան այդ երկրում: «Ու մինչ նախագահի փոխնախագահ որդին գրեթե ամեն օր Ինստագրամում իր շքեղ կյանքի մասին լուսանկարներ է հրապարակում, Հասարակածային Գվինեայի բնակչության երեք քառորդն ապրում է աղքատության մեջ», - տարիներ առաջ փաստել էր Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը՝ կոչ անելով միջազգային համայնքին քայլեր ձեռնարկել աֆրիկյան այդ երկրի հարստությունը ժողովրդին վերադարձնելու համար:

Ըստ BBC-ի, մեքենաների աճուրդից ստացված հասույթի հաշվին շվեյցարական կողմը մտադիր է սոցիալական ծրագրեր իրականացնել Հասարակածային Գվինեայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG