Կիրակի օրը Ավստրիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել աջ-կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը, որը ղեկավարում է նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը: Ժողովրդական կուսակցությունը ստացել է ավստրիացի ընտրողների 37 տոկոսի քվեն:
«Ազնվորեն պետք է խոստովանեմ, որ սա ցնցող արդյունք է: Սա պատմական օր է մեր կուսակցության համար, և ես երախտապարտ եմ մեր ընտրողներին: Մենք պատմական արդյունք ենք արձանագրել և առաջիկայում փորձելու ենք հաջող բանակցություններ անցկացնել խորհրդարանական մյուս կուսակցությունների հետ` ձևավորելով այնպիսի կառավարություն, որը կծառայի Ավստրիայի ժողովրդին», - նշում էր Կուրցը:
Կիրակնօրյա ընտրությունների արդյունքում երկրի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` սոցիալ դեմոկրատները, ստացել են քվեների ընդամենը 22 տոկոսը: Դա ավստրիացի ձախերի` Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ընտրություններում արձանագրած վատթարագույն արդյունքն է: