Մատչելիության հղումներ

Հայնայը ներկայացնող չինացի գործարարները ցանկանում են համագործակցություն սկսել Շիրակի մարզի հետ


Գյումրիի համայնապատկեր, արխիվ
Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Չինացի գործարարներին օրերս բիզնես հետաքրքրությունը բերել էր Գյումրի: Պարզվեց՝ չինացի գործարարները, որոնք ներկայացնում էին Չինաստանի խոշոր նահանգներից մեկը՝ Հայնայը, ցանկանում են համագործակցություն սկսել Շիրակի մարզի հետ։

4 ամիս առաջ ստեղծված «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Ավանեսովը ներկայացրեց, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Չինաստանում: Առաջիկայում Շիրակի մարզի ու Հայնայ նահանգի միջև կկնքվի համաձայնագիր, և արդեն կսկսեն գործնական քայլեր իրականացնել, ասաց Ավանեսովը:

«Մենք այնտեղ բացում ենք Շիրակի մարզի առևտրային ներկայացուցչություն, և ամենակարևորը՝ մենք համաձայնագիր ստորագրեցինք, որ այն բոլոր ապրանքները, որոնք կարտահանվեն Գյումրիից Չինաստան, ազատված կլինեն բոլոր տեսակի հարկերից», - նշեց Ավանեսովը:

Հայնայ կղզի տարեկան 70 մլն զբոսաշրջիկ է այցելում, Ավանեսովը կարծում է՝ կմեծանա հայկական ապարանքների նկատմամբ պահանջարկը: Հաջորդ քայլը կլինի Չինաստանի և Գյումրիի օդանավակայանի միջև ուղիղ չվերթերի իրականացումը: Արդեն մի քանի ավիաընկերությունների հետ բանակցություններ են ընթանում, տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը:

«Այսօր արդեն չինական երեք ավիաընկերությունների հետ բանակցություններ են ընթանում՝ «Չայնա Սաուդրն», «Չայնա Իսթրն», և «Հայնայ ավիաուղիներ» ընկերությունների հետ՝ Չինաստան-Հայաստան թռիչքների իրականացման համար՝ կոնկրետ որ օդանավակայանը կընտրվի, որը ավելի հարմարավետ կլինի չինական ավիաընկերությունների համար: Քանի որ երկար չվերթ է, ուստի հատուկ պայմաններ են անհրաժեշտ, և եթե Գյումրիի օդանավակայանը համապատասխանի տեխնիկական չափորոշիչներին և չինական ընկերություններին, ապա առաջնահերթ դիտարկվում է Գյումրիի օդանավակայանը», - ընդգծեց Սիմոնյանցը:

Հենց օդանավակայանի առկայությունն է, որ ավելի հետաքրքրական է դարձնում Գյումրին ներդրողների համար: Ավիաչվերթների առկայությունը կարող է նաև զբսաշրջիկների լուրջ հոսք ապահովել դեպի Հայաստան: Ունեցած պաշտոնական տվյալներով՝ 10-12 հազար չինացի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան վերջին 2 տարվա ընթացքում, և հիմա չինացիները հետաքրքրված են զբոսաշրջային նոր ուղղություններով, ու այդպիսին կարող է հենց Հայաստանը դառնալ:

Չինացիներին հետաքրքրում է հայկական օրգանական սնունդը, նաև շինարարական հումքը՝ բազալտը, ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Արդեն խոսքը գնում է բազալտի վերամշակման մասին և այդ բազալտյա թելերի ստացման և այդ թելերը արդեն հետագայում շատ տարբեր գործառույթներով իրականացնելու մասով։ Իրենց հետաքրքրությունը այս պահին և այսօրվա իրենց այցելության օրակարգում մի քանի բաներ կան՝ սկսած Շիրակի մարզի քարային հանածոներից, վերջացրած տուրիստական բիզնեսի շատ մեծ հնարավորություններով, որովհետև չինական տուրիստական բիզնեսը, այսինքն՝ չինացի տուրիստների քանակը այսօր ամբողջ աշխարհում մեծանում է, և իրենք հետաքրքրված են նոր ուղղություններով։ Իրենք կներկայացնեն՝ իրենց որ սեգմենտն է հետաքրքիր՝ դա հիմնականում ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների տիրույթն է, հետո արդեն էկոլոգիապես մաքուր, էդ պրոդուկտների շարքը շատ մեծ կարող է լինել, հենց նոր, էս կարճ ընթացքում ֆիքսեցին, որ սկսած ջրից, որովհետև այնտեղ հատուկ ջրի կարիք կա ոչ թե խմելու համար, այլ՝ թեյի պատրաստման ջրի, շատ բարձր որակի ջրեր են ման գալիս իրենք աշխարհով, վերջացրած դեղաբույսերով, խոտաբույսերով, որոնք աճում են մեր իրականության մեջ», - ասաց Պետրոսյանը։

Գործարարներից մեկը զբաղվում է շինարարությամբ՝ ղեկավարելով խոշորագույն շինարարական ընկերություն: Նա հետաքրքրված է Հայաստանում, նաև Գյումրիում բնակարանային շինարարություն իրականացնելու հարցում: Հիմա փորձում են հասկանալ, թե բնակարանաշինական ի՞նչ մոդել է առաջարկում չինացի գործարարը:

«Ինքը բնակարանաշինության բավականին մեծ փորձ ունի, էստեղ շուկան չինական այս տեսակ բաների շատ մեծ է, այսինքն՝ էկոնոմ դասի տների, որոնք մոդուլային տարբերակով են, բայց մեզ համար այս փուլում շատ կարևոր է տեխնիկական կոմպոնենտը հասկանալ, որ մի բան է՝ չինական կլիմայական իրականության մեջ, մեկ այլ բան է՝ այստեղ, և այս քննարկումը մի քիչ մասնագիտական քննարկում է պահանջելու, մենք պատրաստ կլինենք նաև էդ հնարավորությունը օգտագործել, որովհետև ոչ միայն Շիրակի մարզը, այլ Հայաստանը ընդհանրապես բնակմակերեսի շատ մեծ կարիք ունի», - նշեց Պետրոսյանը։

Ի դեպ, Չինաստանի հեռուստաընկերությունները կնքված պայմանագրով Հայաստանի մասին ֆիլմեր են ցուցադրելու՝ ներկայացնելով Հայաստանի հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG