Մատչելիության հղումներ

Վարչապետը մասնակցել է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառմանը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է․ - «Ես ուզում եմ տոնական այս օրը բոլորիս մաղթել, որ համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինենք վերականգնել Երևանի պետական համալսարանի երբեմնի փառքը, վերականգնել Երևանի պետական համալսարանի երբեմնի մեծությունը, և, ընդ որում, սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով: Ես ասել եմ, և ուզում եմ կրկնել, որ ինչպես բուհական համակարգն ընդհանրապես, այնպես էլ Երևանի պետական համալսարանը մասնավորապես, պիտի դառնա Հայաստանի բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը:

Եվ ուզում եմ ձևակերպել Երևանի պետական համալսարանի միջազգայնացման խնդիր, որը պիտի դառնա այնպիսի մի բուհ, որն աշխարհին ունի առաջարկելու շատ բան և բաց է նաև աշխարհից վերցնել նորարարական գաղափարներ, և այս գաղափարների վրա հիմնվելով ապահովել մեր կրթական համակարգի հետագա զարգացումը: Ես ուզում եմ ձևակերպել կոնկրետ խնդիր. կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում: Եվ սա մի խնդիր է, որի լուծման համար բոլորս պետք է մեկտեղենք, համատեղենք մեր ուժերը և Երևանի պետական համալսարանը վերստին դարձնենք Հայաստանում մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար հիմնական ուժ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG