Մատչելիության հղումներ

Անկարան չի պատրաստվում հրաժարվել իրանական նավթից ու գազից


Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Անկարան չի հրաժարվելու իրանական էներգակիրներից:

«Մեզ համար անհնար է դադարեցնել հարաբերություններն Իրանի հետ նավթագազային ոլորտում, և մենք շարունակելու ենք գազ գնել այդ երկրից», - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Ընդունելով, որ մասնավոր հատվածը որոշակի խոչընդոտների է հանդիպում Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով, Էրդողանը միաժամանակ պնդել է՝ Անկարան մտադիր է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Թեհրանի հետ, այդ թվում՝ առևտրի ոլորտում:

Էրդողանի այս հայտարարությունից օրեր առաջ՝ շաբաթասկզբին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից հորդորել էր միջազգային համայնքին դադարեցնել համագործակցությունը Իրանի հետ և միանալ այդ երկրի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին:

«Խաղաղասեր երկրների համար այսօր գլխավոր սպառնալիքը Իրանի ռեպրեսիվ ռեժիմն է», - պնդել էր Սպիտակ տան ղեկավարը՝ շարունակելով․ - «Աշխարհի բոլոր ժողովուրդները պարտավոր են քայլեր ձեռնարկել, որևէ պատասխանատու կառավարություն չպետք է ֆինանսավորի Իրանի արյան ծարավը: Քանի դեռ Իրանը չի փոխել իր վտանգավոր վարքագիծը, պատժամիջոցները կմնան ուժի մեջ և էլ ավելի կխստացվեն»:

Իրանի շուրջ տարաձայնությունները էլ ավելի են սրվել այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային օբյեկտների վրա անօդաչու սարքերով իրականացված հարձակումներից հետո, որոնց համար Միացյալ Նահանգներն ու եվրոպական գերտերությունները մեղադրում են Իրանին: Թուրքիայի նախագահը, սակայն, երեկ Ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում դեմ է գնացել ՆԱՏՕ—ի դաշնակիցների այդ դիրքորոշմանը․ - «Չեմ կարծում, թե ճիշտ է Իրանին մեղադրելը: Մենք պետք է ընդունենք փաստը, որ այս մասշտաբի հարձակումները իրականացվել են Եմենի տարբեր հատվածներից: Բայց եթե մենք ամբողջ մեղքը բարդում ենք Իրանի վրա, դա ամենաճիշտ մոտեցումը չէ, քանի որ այս պահին առկա ապացույցները այնքան էլ միանշանակ չեն վկայում դրա մասին»:

Ամերիկացի լրագրողը էլ ավելի հեռուն է գնացել ու ուղիղ հարց տվել Էրդողանին՝ մտահոգություն չունե՞ք, որ կարող եք տուգանվել Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու համար: Էրդողանն ի պատասխան պնդել է՝ ինքն անձամբ դեմ է պատժամիջոցներին, և այս հարցում չի կիսում Թրամփի դիրքորոշումը:

«Իմ տեսակետից, աշխարհը չպետք է լինի այնպիսին, որ միայն հզորները ճիշտ դուրս գան: Երբ լսում էի նախագահ Թրամփին, ուզում էի ըմբռնել գաղափարը՝ «Ես ուժեղ եմ, ես հզոր եմ, ուրեմն ճի՞շտ եմ»: Այդպես չպետք է լինի: Պատժամիջոցներին հարմարվում են, պատժամիջոցներից նախկինում խուսափել են, մինչև ո՞ւր կարող ենք հասցնել պատժամիջոցները: Ես հստակ գիտեմ, որ դրանք երբեք խնդիրներ չեն լուծում», - արձագանքել է Թուրքիայի նախագահը:

Թուրք-ամերիկյան ավանդաբար դաշնակցային հարաբերությունները վերջին շրջանում ակնհայտ սրված են մի շարք տարաձայնությունների, այդ թվում՝ ռուսներից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու՝ Անկարայի որոշման պատճառով: Գործարքից հրաժարվելու ապարդյուն հորդորներից հետո Վաշինգտոնը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան արդիական F-35 կործանիչների ծրագրից: Ավելին՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այս ամիս նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է նաև կոնկրետ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:

«Հուսով եմ՝ մենք կխուսափենք նման սխալ որոշումից», - օրեր առաջ «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում պնդել էր Թուրքիայի նախագահը, հատուկ շեշտելով, որ Նյու Յորք է մեկնում Սպիտակ տան ղեկավարի հետ դեմ առ դեմ բանակցելու ակնկալիքով: Թրամփ-Էրդողան երկկողմ պաշտոնական հանդիպում, սակայն, այդպես էլ չկայացավ:

Ավելին, Թուրքիայի կառավարության խոսափողներից մեկը համարվող Daily Sabah օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդեց, թե Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովից հետո՝ առաջնորդների ընթրիքի ժամանակ, հրաժարվել է Թրամփի հետ նույն սեղանի շուրջ նստել, երբ տեսել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հետ ճաշում է նաև Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Դոնալդ Թրամփը վերջինիս հետ ջերմ հարաբերություններ ունի, երկու անգամ արդեն նրան Սպիտակ տուն է հրավիրել ու պնդել՝ Սիսին ֆանտաստիկ մարդ է և իրենք շատ լավ են ընդհանուր լեզու գտնում:

Էրդողանը, մինչդեռ, պնդում է, թե Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը իշխանության է եկել ռազմական հեղաշրջման ճանապարհով, և մի քանի տարի է՝ միջազգային համայնքից պահանջում է հետաքննություն սկսել նրա դեմ:

Ըստ թուրքական աղբյուրների, Թրամփի կողքին տեսնելով Սիսիին՝ Էրդողանը ցուցադրաբար այլ առաջնորդների սեղանի է միացել: Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը չեն մեկնաբանել, լուսանկարներում, սակայն, Թրամփի սեղանի շուրջ աթոռներից մեկն իսկապես դատարկ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG