Մատչելիության հղումներ

Այսօր Գյումրիում կկայանա Ավետիսյան ընտանիքի ողբերգության մոտիվներով ֆիլմի պրեմիերան


Ֆիլմի հեղինակներ Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը զրուցում են «Ազատության» հետ, Երևան, 26-ը սեպտեմբերի, 2019թ.

Ավետիսյանների ընտանիքի սպանդից ավելի քան չորս տարի անց, այսօր Գյումրիում «Հոկտեմբեր» կինոթատրոնում այս դաժան պատմության մոտիվներով նկարահանված ֆիլմի պրեմիերան է կայանալու: Նախօրեին «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի երևանյան պրեմիերան, փակ դիտումն էր՝ ընկերների, նկարահանող խմբի համար:

Ո՞րն էր նմանատիպ կինոնկար նկարահանելու նպատակը, հատկապես եթե այդ սարսափելի դեպքի մանրամասներն ու դրդապատճառները շատերի համար այդպես էլ մութ մնացին: Հարցին ի պատասխան՝ ֆիլմի հեղինակներ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանն ասում են, թե սա իրե՛նց պատասխանն է, իրենց ստեղծած հերոսների միջոցով: Կարծում են՝ սա արժանապատվության հարց է:

«Պատասխանատվությունից չե՞ք վախենում, եթե հանկարծ նույն հանդիսատեսը Գյումրիում այլ կերպ ընկալի ֆիլմը: Որովհետև դա բավականին թարմ հիշողություն է․ մի բան է, երբ ֆիլմ է ստեղծվում տասնյակ տարիներ անց, մի բան է, երբ ֆիլմ է ստեղծվում մի քանի տարի անց, երբ դեռ շատերի համար պատասխան չկա», - «Ազատության» այս դիտարկմանը Նարինե Մկրտչյանն արձագանքեց․ - «Պատասխանատվությունից չենք վախենում: Ցավոք, էդպես էլ միշտ արվել է տարիներ շարունակ, միշտ թեմային անդրադառնում են ավելի ուշ, և դա կոնտեքստից դուրս է դառնում: Քանի որ ֆիլմը գեղարվեստական է և ինքը ամբողջությամբ ոչ թե պատմում է այդ ընտանիքի պատմությունը, այլ պատմում է ոճրագործության մասին և ոճրագործության հետևանքով առաջացած այն արձագանքների մասին, ինչը որ տեղի ունեցավ մեր հենց կերպարների, հերոսների հետ, պատումը ինքը գեղարվեստական է, չեմ կարծում, որ դա ցնցում առաջացնի: Այ ցնցում կարող է առաջացնի այն դիրքորոշումը, որով դրել ենք մենք հանգուցալուծումը»:

«Գյումրիում կոնկրետ 90 տոկոսը էդպիսի հերոսներ են, և ոչ միայն Գյումրիում՝ տեղի, մասնակից էդ ցույցերին, բախումների մասնակիցները, վստահաբար, կարծում եմ, որ իրենք շատ, շատ, շատ ուրախ կլինեն՝ տեսնելով մեր նմանատիպ կամ նույնականացված հերոսներին էկրանի վրա արդեն՝ գեղարվեստական դրսևորմամբ», - իր հերթին, ասաց Արսեն Ազատյանը:

Ֆիլմի հեղինակները նշեցին, որ Ավետիսյանների հարազատների հետ կապ չեն հաստատել: «Առայժմ չենք հաստատել, բայց, կարծում եմ, սա ցավալի թեմա է իրենց համար, որովհետև ֆիլմը իրենց ընտանիքի մասին չի», - ասաց Մկրտչյանը:

«Մենք խորապես ցնցված էինք և հարգում ենք, մենք իրենց ցավը դարձրեցինք միջազգային քննարկման առարկա՝ իրենց անձնական ցավը: Բայց մեզ համար սա ազգային ցավի վերածվեց, և հետևաբար՝ ասել, որ սա միայն Ավետիսյանների ընտանիքինն է, ներող կլինեք՝ սա մեր բոլորիս ցավն է», - ընդգծեց Ազատյանը:

Այսօրվանից ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

Նկարահանումները սկսվել են 2016-17 թվականներին, և հեղինակների խոսքով՝ դժվար պայմաններում են աշխատել, հաշվի առնելով, թե ովքեր էին այն ժամանակ իշխանության ղեկին:

Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամում, օրեր առաջ էլ այն ցուցադրվել է Ռուսաստանում: Հեղինակները նկատում են, որ ռուսական կողմը բավական հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերել: Արդեն առաջիկա փետրվարին այն կներկայացվի Միացյալ Նահանգներում:

XS
SM
MD
LG