Մատչելիության հղումներ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սնանկության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին


Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության դեմ ներկայացված սնանկության երկրորդ դատական նիստին պաշպանական կողմը շարունակեց պնդել՝ որևէ հիմք առկա չէ ընկերությունը սնանկ ճանաչելու համար։

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության դեմ սնանկության վարույթ է ներկայացրել միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Դաֆ Ալկո Տրանս»-ը։ Ըստ ընկերության, Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունն իրենց պարտք է ավելի քան 120 միլիոն դրամ։

«Ուղևորափոխադրող ընկերությունը սկսել է ապրանքներ արտահանել հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, որի արդյունքում դուրս են գրվել հաշիվ-վավերագրեր, որոնք ստորագրվել ու կնքվել են պարտապան ընկերության կողմից, սակայն գումարը այդ ապրանքագրերով դուրս գրված առայսօր չի վճարվել, ընդ որում՝ մարտ ամսից սկսած վճարումներ չեն կատարվել, այնինչ ծառայություններից դեռ շարունակել են օգտվել», - ասաց «Դաֆ Ալկո Տրանս» ընկերության փաստաբան Հարություն Հարությունյանը։

Խմիչքների գործարանի փաստաբան Արմեն Օհանյանը հակառակն է պնդում՝ «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը վճարել է մատուցված ծառայությունների համար։ Գործակցության 10 տարիների ընթացքում, փաստաբանի, ներկայացմամբ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը միլիարդավոր գումարներ է փոխանցել բեռնափոխադրող ընկերությանը։

«Դրանով էլ չբավարարվելով այլ ընկերություններից, ում հետ որ կոմբինատը պետք է ուղիղ գործեր, այլ ընկերություններից միջնորդավճարներ են ստացել, այսինքն՝ «ես բերել եմ, ծանոթացրել եմ, դու անում ես, դե ուրեմն էս տարբերություն մասը պետք է տաս ինձ և այլն», դա էլ իր հերթին, եթե մենակ էդ տարբերություն մասով հաշվարկ կատարենք մի քանի անգամ գերազանցում է էն պահանջը, որ ներկայացրել է «Դաֆ Ալկո» ընկերությունը, իբր կոմբինատն իրեն պարտք է», - նշեց Արմեն Օհանյանը։

«Դաֆ Ալկո Տրանս» ընկերության փաստաբանն էլ ասաց. «Իրենց առարկությունը վերաբերում է նրան, որ պայմանագրով մենք ստանձնել ենք պարտավորություն բեռնափոխադրում իրականացնելու, այնինչ, ըստ իրենց պնդման, հետագայում տեղի է ունեցել պայմանագրի փոփոխություն, բայց ես այս պահի դրությամբ կարող եմ պնդել, որ նման համաձայնագիր առհասարակ գոյություն չունի, մենք նույնիսկ ունենք այդ մասով եզրակացություն, որ ստորագրությունը մեր կողմից կատարված չէ»։

Սնանկության դատարանը «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սնակության վերաբերյալ որոշումը կհրապարակի հոկտեմբերի 15-ին։

Տարբեր խմիչքներ արտադրող ընկերությունն ընդգրկված է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում, որի ղեկավարը Սեդրակ Առուստամյանն է։ Ծառուկյանի մտերիմ համարվող գործարարին «Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով վերջերս մի քանի մեղադրանք է առաջադրվել։

Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Քննչական կոմիտեն միջնորդել էր կալանավորվել գործարարին, դատարանը անցած շաբաթ որոշեց նրան ազատության մեջ թողնել 20 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG