Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետի այցը՝ ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում


ԱՄՆ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Լոս Անջելեսում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին, 23-ը սեպտեմբերի, 2019թ․
ԱՄՆ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Լոս Անջելեսում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին, 23-ը սեպտեմբերի, 2019թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Մի շարք առաջատար հեռուստաընկերություններ ու պարբերականներ լայնորեն լուսաբանում են Հայաստանի ղեկավարի հանդիպումները Կալիֆորնիայի հայ համայնքի հետ՝ մասնավորապես բազմամարդ հանրահավաքը Լոս Անջելեսի կենտրոնական այգիներից մեկում:

Ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդը իշխանության է եկել 2018 թվականի մայիսին, թավշյա հեղափոխությունից հետո, երբ քաղաքացիները տապալեցին ռեժիմն ու հաստատեցին ազատ ընտրություններ, հաղորդել է ABC հեռուստաընկերությունը: Մեկնաբանը նաև հավելել է՝ հազարավոր հայեր եկել են անձամբ տեսնելու Փաշինյանին, ով առաջնորդել է հեղափոխությունը և հիմք դրել ազատ ընտրությունների:

Los Angeles Daily News-ն էլ փաստել է՝ Փաշինյանին շատերն են ողջունում որպես ժողովրդավարության մունետիկ, ով առաջ է տանում ազատ ընտրությունների և թափանցիկ կառավարման գաղափարները: Թերթը հոդվածին կցել է այդ հանրահավաքից մի քանի լուսանկարներ, դրանցից մեկում, ինչպես նշվում է պարբերականում, Անի և Արենի Տեր-Գրիգորյան քույրերն են, ովքեր Հայաստանի վարչապետի հրավիրած հավաքին մասնակցում էին «Ամուլսարը հանք չի դառնա», «Քանի կանք՝ ոչ մի հանք» գրությամբ պաստառներով:

Հայաստանի կառավարության ղեկավարի այցին անդրադարձել է նաև Fox News հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցում էին հազարավոր հայեր, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաներ:

CBS Los Angeles-ը պատմական է որակում վարչապետ Փաշինյանի Լոս Անջելես այցը՝ ընդգծելով, որ Հայաստանի առաջնորդին և նրա տիկնոջը հայաշատ այդ քաղաքում մեծ ոգևորությամբ են ընդունել:

Հայկական մեծ համայնք ունեցող Փասադենայի թերթերից մեկը՝ Pasadena Star News-ն էլ գրում է․ - «Մենք Հայաստանի նոր կերպար ենք կերտել», - սփյուռքահայերի կողմից ջերմ ընդունելության արժանանալով և իր անվան վանկարկումների ուղեկցությամբ հայտարարել է Փաշինյանը»:

XS
SM
MD
LG