Մատչելիության հղումներ

Երկարամյա դադարից հետո Եգիպտոսում կրկին բողոքի ցույցեր են կազմակերպվել


Եգիպտոս - Բողոքի ցույցը Կահիրեի Թահրիր հրապարակում, 20-ը սեպտեմբերի, 2019թ․
Եգիպտոս - Բողոքի ցույցը Կահիրեի Թահրիր հրապարակում, 20-ը սեպտեմբերի, 2019թ․

Եգիպտոսի ոստիկանությունը ուրբաթ երեկոյան ցրել է մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցներին:

Երկրում ծաղկող կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ժողովրդավարական կարգերի վերահաստատման պահանջով բողոքի գործողությունները սկիզբ էին առել սոցիալական ցանցերում հնչեցված կոչից հետո: Դրա հեղինակը Իսպանիայում բնակվող գործարար և դերասան Մոհամադ Ալին է:

Ականատեսների վկայությամբ՝ Կահիրեում կազմակերպված բողոքի գործողությանը մասնակցել է մի քանի հարյուր երիտասարդ, որոնք երկրի նախագահ գեներալ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հրաժարականը պահանջող կոչեր են վանկարկել:

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին Եգիպտոսի ոստիկանությունն արգելափակել է դեպի Կահիրեի կենտրոնական` Թահրիր հրապարակ տանող բոլոր ճանապարհները: 2011 թվականի հեղափոխությունը, որը հանգեցրեց երկրի երկարամյա նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին, սկսվել էր հենց Թահրիրում:

Տեղական աղբյուրների գնահատմամբ՝ ուրբաթօրյա ցույցերն ամենախոշորն էին վերջին մի քանի տարիների ընթացքում: Ալ-Սիսիի իշխանության տարիներին բողոքի զանգվածային ակցիաները երկրում փաստացի արգելքի տակ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG