Մատչելիության հղումներ

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է․ Սերժ Սարգսյան


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է, հայտարարում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:

«Մեզ համար կարևորագույն այս տոնին առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին», - գրում է նախկին նախագահը՝ շարունակելով․ - «Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված»:

«Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում: Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի հանրապետական կուսակցության պաշտոնական կայքէջում:

«Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է», - ընդգծում է երրորդ նախագահը:

«Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ` գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները», - հայտարարում է Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով․ - «Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG