Մատչելիության հղումներ

Երևանում կայացել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Ուրբաթ օրը Երևանում հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մեծապես կարևորել են Հայաստանի և Արցախի միջև հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի և դրա կիրարկման ուղղությամբ գործնական քայլերին, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության և մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են միմյանց դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն գործընթացի և օրակարգային հարցերի շուրջ:

Մնացականյանը վերահաստատել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են, ընդգծելով, որ խաղաղության գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը։

Մնացականյանը և Մայիլյանը նաև մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման հարցերի շուրջ` նշելով, որ ներքին լսարանի համար ադրբեջանական իշխանությունների կողմից արվող ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ժողովուրդների խաղաղության նախապատրաստման հանձնառության իրականացմանը:

Արցախի արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կարևորելով հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG