Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիր ստորագրելու որոշում է կայացրել, այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Անատոլի Գլազը:
Համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվել են մինչև 2014 թվականը, ավելի վաղ Եվրահանձնաժողովը այդ փաստաթղթի ստորագրման հարցը ներկայացրել է ԵՄ Խորհրդի ուսումնասիրությանը:
Փաստաթուղթը Եվրամիության կառույցների կողմից հավանության արժանանալուց և Բրյուսելի ու Մինսկի միջև ստորագրվելուց հետո, Եվրամիության «Արևելյան գործընկերության» անդամ Բելառուսի քաղաքացիների համար կնվազեցվի Շենգենյան վիզայի արժեքը մինչև 35 եվրո, բացի այդ վիզայի տրամադրման առավելագույն ժամկետ կսահմանվի մինչև 10 օր: