Մատչելիության հղումներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները դժգոհ են աշխարհի առաջնության մրցավարությունից


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տարիներ շարունակ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ղեկավարած Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո ընտրանին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում մասնակցել է առաջին միջազգային մրցաշարին՝ Տոկիո 2020-ի վարկանիշային առաջնությանը։

Հայ ըմբիշներն այս ստուգատեսին երկու մեդալ են նվաճել՝ մեկ արծաթե և մեկ բրոնզե, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վարկանիշ բերեց, հասավ մինչև եզրափակիչ, բայց վնասվածքի պատճառով չմասնակցեց վերջին գոտեմարտին, 63 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի արժանացավ Սլավիկ Գալստյանը։

Վարկանիշ ձեռք բերեց նաև 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը, որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

Արդյունքում հավաքականն այս պահին 2 ուղեգիր ունի։ Մինչ կարևորագույն սպորտային իրադարձության մեկնարկը դեռ երկու վարկանիշային մրցաշար կա, հավաքանի մարզչական շտաբը հույս ունի, որ օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն բոլոր քաշային կարգերում։

Չնայած այս ամենին, հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը դժգոհություններ ունի։

«Դժգոհ ենք մի քանի քաշային կարգերից, որոնք կարող էին ավելի լավ մասնակցեին, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց», - նշեց Սահակյանը։

Մարզչական շտաբը գոհ չէ նաև մրցավարությունից։ «63 քաշային կարգում մենք կարող էինք ֆինալում տեսնել մեր ըմբիշին, 55 քաշային կարգում լավ չդատեցին դատավորները, մոտ 6 միավոր մեր ըմբիշից կարելի է ասել խլեցին և 67 քաշային կարգում բոլորդ տեսաք այդ վիճակից, որտեղ միավոր չեն տալիս, արդեն հաղթանակ էր և դատավորները անսպասելի ձևով ավելացրին միավորները և մեր ըմբիշը չշարունակեց», - ասաց Սահակյանը։

Մարզիչները խոսեցին նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում ստացած ծանր վնասվածքի մասին, «Սպիտակ արջը» չնայած դրան ևս երկու գոտեմարտում հաղթեց, սակայն եզրափակիչին մասնակցել չկարողացավ։

Մարզիչ Սամվել Գևորգյանի խոսքով իրենք ամեն ինչ արեցին, բայց. «Շատ բժիշկներ կոնսիլումի պես հավաքել էին և ինչքան ներարկեցին Արթուրի կոնքերի մեջ, որ չզգար, ամեն դեպքում կարող է ցավազրկել էին շատ, բայց էլի ցավի կար։ Կարող է ինքը այդ ժամանակ չզգար և իրա թոքերին վնաս տար»։

Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է երկրպագուներին. «Հարգելի հայրենակիցներ,
Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու»:

Հավաքականի գլխավոր մարզիչ, լեգենդար ըմբշամարտիկ Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականը շատերի համար անսպասելի էր, պատճառը հավաքականի ներսում առաջացած խմորումներն էին, որոշ ըմբշամարտիկներ դժգոհ էին աշխարհի առաջնության մասնակիցների Ջուլֆալակյանի ընտրությունից։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը չնայած ԱԱ-ին չի մասնակցել, բայց շարունակելու է մարզվել հոր հետ՝ փորձելով գնալ Տոկիո:

Հավաքականի մարզիչներն ասում են, թե մարզիկներից ով ի վերջո կմասնացկի օլիմպիական խաղերին, ցույց կտա ժամանակը. «Ունենք Եվորպայի առաջնություն, ունենք մրցաշարեր, ունենք վարկանիշային մրցումներ, ովքեր չեն արել։ Մի խոսքով ժամանակից շուտ մենք ոչինչ չենք կարող ասել»։

Տոկիո գնալու ցանկություն է հայտնել նաև Ռիոյի խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, որն իր այդ նվաճումից հետո տեղափոխվեց մարտեր առանց կանոնների, հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջուլֆալակյանը բազմիցս նշել է, որ խաղերին մասնակցելու համար Միհրանը նախ պետք է թիմի հավաքներին մասնակցեր:

Մարզիչ Սամվել Գևորգյանն ասաց, որ այս պահին Հարությունյանի մասին նորություն չունեն, իրենք կապի մեջ են մարզիկի հետ, եթե նա դեռ ցանկանում է գնալ Տոկիո, ապա պետք է արդեն հայտարարի այդ մասին: Նոյեմբերին կամ դեկտեմբերին Հայաստանի առաջնությունն է լինելու, այն հավաքանի կազմը որոշելու հարցում մեծ նշանակություն կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG