Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր կհրապարակի որոշումը Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։

Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի նախկին նախագահի պաշտպաններն անցած դատական նիստին միջնորդեցին իրենց պաշտպանյալին ազատ արձակել կամ չհեռանալու ստորագրության, կամ էլ գրավի դիմաց՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Քոչարյանի և մյուսների գործը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին։ Ամբաստանյալի պաշտպանական թիմն արդեն երկրորդ անգամն է նույն խնդրանքով միջնորդություն ներկայացնում։

Երեքշաբթի կայացած նիստում, ներկայացնելով կալանքից ազատ արձակելու միջնորդությունը, փաստաբանները պնդեցին՝ անցած մեկ տարվա ընթացքում չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ ազատության մեջ իրենց պաշտպանյալը կազդի գործով անցնող անձանց վրա կամ էլ կխոչընդոտի գործի քննությանը։ Փաստաբան Հայկ Ալումյանն էր պնդել` չկա որևէ ողջամիտ պատճառ կանխատեսելու, որ Քոչարյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել նախաքննությունը։ Նա 5 ամիս մնացել է ազատության մեջ, և որևէ նման դեպք չի արձանագրվել։

Երկրորդ նախագահն իր հերթին դատարանում հայտարարել էր՝ ինքը որևէ տեղ փախչող չէ․ «Դատախազության աշխատողների համար դժվար է սա հասկանալը ընդհանրապես, բայց այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախնի։ Հասկանում եմ, որ իրոք դժվար է իրենց համար սա պատկերացնել և շատ-շատերի համար, եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»։

Մեղադրող դատախազները, մինչդեռ, առարկություններ էին ներկայացրել միջնորդության դեմ՝ հայտարարելով՝ Քոչարյանը ազատության մեջ չի կարող գտնվել։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց՝ նախ, դատարանն արդեն որոշում է կայացրել կալանքի տակ թողնել Քոչարյանին, բացի այդ, ամբաստանյալը կարող է ազդել Մարտի 1-ի բուն գործի վրա, մասնավորապես՝ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման առումով։

«Հարգելի դատարան, շատ կարևոր շեշտադրում, սույն քրեական գործից անջատված քրեական գործ կա, որի քննության գլխավոր ուղղությունը անձանց սպանությունների բացահայտումն է։ Այդ քրեական գործով դեռևս գնահատականներ են տրվելու նաև պաշտոնատար անձանց գործողությունների, որոնք ուղիղ կամ ոչ ուղիղ ծառայողական կախվածության հարաբերությունների մեջ են գտնվել Ռոբերտ Քոչարյանի հետ», - նշեց Բաղդասարյանը։

Քոչարյանից բացի, ամբաստանյալի աթոռին են նաև նրա նախկին ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը և այդ ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Ի տարբերություն նախկին նախագահի, նրանք ազատության մեջ են: Չորս ամբաստանյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG