Մատչելիության հղումներ

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը մեղադրանքը չի ընդունում


Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյան, արխիվ
Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյան, արխիվ

Անի խոշորացված համայնքի հանրապետական ղեկավար Արտակ Գևորգյանը չի ընդունում պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի վատնման և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով առաջադրված մեղադրանքները: Նրա շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը պնդում է՝ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց:

«Մեկ տարի էր այդ հանգամանքը կար, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք տարուց ավել այս խմորումներն անել, պահանջել հրաժարական, մերժում ստանալ և հանկարծ մեղադրանք առաջադրել։ Եթե մենք զուգահեռ նայում ենք, թե ինչ պրոցեսներ է գնում, մենք հասկանում ենք, որ սա ճնշում է։ Մեկ օրինակ բերեմ՝ քննիչը եկել առգրավել է փաստաթղթերը, շատ լավ է իր գործն է անում, մենք երբևէ ոչ մի խոչընդոտ չենք ստեղծել, սակայն երբ ամեն անգամ հրաժարականի պահանջը մերժում են ստանում ցուցարարները, հաջորդ օրը քաղաքապետարանին սկսում են ճնշել ոստիկանները՝ «տվեք այս փաստաթղթերը, տվեք այն փաստաթղթերը», որոնք քննիչի մոտ են արդեն, ինքը չի կարող էլ այդ փաստաթղթերը տալ։ Բայց երբ ամեն անգամ սրացում է լինում և դրան արձագանքում են ոստիկանները գործողություններով, իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ սրանք զուգակցված են, առավել ևս, որ ես տեղեկություն ունեմ նաև, որ նույնիսկ Ոստիկանության պաշտոնյա է պահանջ ներկայացրել հրաժարական տալու։ Ոստիկանությունը ո՞վ է, որ քաղաքական պահանջ ներկայացնի», - նշեց Հայրապետյանը։

Դա հիմնավորելու համար, ասում է՝ բավարար հիմքեր ունեն: Թե ովքեր են ճնշումներ գործադրողներն ու քաղաքական հետապնդման ենթարկողները, անուններ հրապարակելուց այսօր ձեռնպահ մնաց, հավելելով, որ չեն վախենում և առաջիկայում արդեն անուններով կխոսեն: Ըստ մեղադրանքի, Գևորգյանը և համայնքապետարանի երկու աշխատակիցները վատնելու եղանակով հափշտակել են չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ հաշվարկված և վճարված մոտ 650 հազար դրամ:

«Վարորդը զուգահեռ աշխատել է նաև հերթափոխով դատական կարգադրիչների ծառայությունում և երեք օրը մեկ կամ չորս օրը մեկ հերթապահություն է եղել, որից էլ ենթադրում են, որ այդ օրը գործի չի եկել, բայց հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ։ Այսինքն ամսական դա կազմում է 10 հազար դրամ, հինգ տարվա մեջ 600 քանի հազար դրամ, սա է մեղադրանքի ձևակերումը», - ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին՝ իսկ փաստաթղթի կեղծիքը, Հայրապետյանը պատասխանեց. «Փաստաթղթի կեղծիքը, որ աշխատաժամանակի հաշվարկը ստորագրել է քաղաքապետը, որ վճարեն»։

Անի խոշորացված համայնքի ղեկավարի հրաժարականը 1,5 տարի պահանաջողներն այնինչ ակնկալում էին, որ ավելի մեծ ծավալի չարաշահումներով պետք է մեղադրանք առաջադրվեր: Մի քանի կառույցներ ստուգումներ ու ուսումնասիրություններ են անցկացրել համայնքի բնակիչների բողոքների հիման վրա: Հիմա էլ վստահ են, որ առաջիկայում Գևորգյանին նոր մեղադրանքներ կառաջադրվեն:

«Իրականում մենք ակնկալում ենք՝ խոշոր յուրացումներ։ Օրինակ՝ դոտացիան, տանիքների վերանորոգման աշխատանքները, այնտեղ թիթեղների հաստությունը չի համապատասխանում, շատ մանրուքներ կան, երրորդ ուղղությունը դա ճանապարհային շինարարությունն է, հաջորդ գործը աճուրդներն է, որոնք հիմնովին կատարվել են իրականում աճուրդների մասին օրենքին շատ հակասումներով։ Սա վերջի սկիզբն է», - նշեց համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջողներից մեկը։

Անիում արդեն մի քանի ամիս է բողոքի ակցիաները դադարել են: Բնակիչները այլևս փակ չեն պահում համայնքապետարանի դուռը, սակայն բաց չէր համայնքի ղեկավարի ընդունարանի դուռը: Բնակիչներն ասում են, թե չեն հիշում՝ վերջին անգամ երբ են Գևորգյանին տեսել համայնքապետարանի շենքում:

Մեղադրանքը, փաստաբանի խոսքով, կբողոքարկեն: Իսկ արդյո՞ք առաջադրված մեղադրանքը կարող է հիմք հանդիսանալ համայնքի ղեկավարի լիազորությունների կասեցման կամ դադարեցման համար: Սկզբում Մարալիկ, ապա Անի խոշորացված համայնքը արդեն 15 տարի ղեկավարող Արտակ Գևորգյանի շահերի պաշտպանն ասում է՝ օրենքով նման բան նախատեսված չէ:

«Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնավարումը դադարեցնելու, կասեցնելու ընթացակարգ օրենքը չի նախատեսում», - ասաց Հայրապետյանը։

ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածը թվարկում է, թե երբ է հնարավոր համայնքի ղեկավարի լիզորությունների վաղաժամկետ դադարեցում: Մեղադրանք առաջադրելը հիմք չի կարող հանդիսանալ, պետք է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռով դատապարտված լինի ազատազրկման և կրի պատիժը: Առաջադրված մեղադրանքներով նախատեսվում է տուգանք կամ 1-5 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG