Մատչելիության հղումներ

Քութաիսիում միջազգային չափանիշներով համալսարան է կառուցվում


Վրաստան - Քութաիսիի միջազգային համալսարանի շինարարությունը, 19-ը սեպտեմբերի, 2019թ․
Վրաստան - Քութաիսիի միջազգային համալսարանի շինարարությունը, 19-ը սեպտեմբերի, 2019թ․

«Ընդամենը մեկ տարի հետո Վրաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող նոր համալսարան կսկսի գործել», - խոստանում է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քութաիսիում կառուցվող այս համալսարանի ուսումնական մասնաշենքերի, լաբորատորիաների և հանրակացարանների շինարարության վրա Իվանիշվիլիի ընտանիքի կողմից ստեղծված «Քարթու» հիմնադրամը խոստանում է շուրջ 1 միլիարդ եվրո ծախսել:

Նախագծի հեղինակները նշում են, որ ուսումնական հաստատությունը կոչվելու է «Քութաիսիի միջազգային համալսարան» և սերտորեն համագործակցելու է Գերմանիայի առաջատար կրթական կենտրոններից մեկի` Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ:

«Գերմանական բուհի ղեկավար Վոլֆգանգ Հերմանն, ի դեպ, առաջիկայում Քութաիսիի համալսարանի պատվավոր նախագահ է նշանակվելու», - հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Դեռևս կառուցման փուլում գտնվող համալսարանի պաշտոնական շնորհանդեսը կայացավ Քութաիսիում չորեքշաբթի օրը: Արարողությանը համալսարանի փաստացի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիից բացի ներկա էր նաև Վրաստանի ողջ ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան:

«Այս նախաձեռնության նպատակը երկրի զարգացումն է, նախևառաջ գիտելիքի վրա հիմնված զարգացումը: Այլ կերպ մենք 21-րդ դարում պարզապես չենք կարող մրցունակ լինել, մեր երիտասարդությունը մրցունակ չի լինի: Այդ իսկ պատճառով ես իմ երախտագիտությունն եմ հայտնում «Քարթու» հիմնադրամին և անձամբ Բիձինա Իվանիշվիլիին այսօր մեկնարկած այս կարևորագույն իրադարձության համար», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը:

«Քարթու» հիմնադրամի վարչության նախագահ Նիկոլոզ Չխետիանիի խոսքով էլ՝ համալսարանի շինարարությունը անկախ Վրաստանի գոյության երեք տասնամյակների ընթացքում իրականացվելիք թերևս ամենածավալուն նախագիծը կլինի:

«Շինհրապարակի ընդհանուր ծավալը 153 հեկտար է կազմում: Դրանից 80 հեկտարը անտառային զանգվածն է, որը, սակայն, մեր նախագծային խմբի ջանքերով՝ չի տուժելու: Համալսարանի կամպուսը կլինի ամենականաչներից մեկը համաշխարհային համալսարանների շարքում: Նախատեսվում է շուրջ 170 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսի շենք ու շինություն կառուցել: Դրանց թվում են լինելու երեք ուսումնական մասնաշենքերը, նույնքան ուսանողական հանրակացարան, պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված բնակելի շենքեր, ինչպես նաև կենտրոնական գրադարանն ու ճաշարանը», - հայտարարում էր Իվանիշվիլիի հիմնադրամի ղեկավարը:

Քութաիսիի միջազգային համալսարանը կսկսի գործել 2020 թվականի աշնանը` Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հաշվված շաբաթներ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG