Մատչելիության հղումներ

Հեռուստաեթերում «բովանդակային աղբը» նվազեցնելու համար ազգային ծրագիր է պետք


Հայկական հեռուստաեթերում, մասնավորապես մեծ լսարան ունեցող տեղական սերիալներում բռնության, դաժան տեսարանների պակաս չկա:

Վերջերս հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Անհասցե ծնվածները» սերիալի մասերից մեկում առկա այն տեսարանը, երբ մի տղամարդ մկրատով կնոջ քիթ էր կտրում, մեծ աղմուկ բարձրացրեց: Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը եթերում առկա բռնության ծավալը, անբովանդակ հեռուստանովելների առկայությունն այսպես է մեկնաբանում․ - «Հիմնականում իրենք վերարտադրում են այն կարծրատիպերը, որոնք իսկապես առկա են հասարակության մեջ»:

Հովհաննիսյանի ընդգծմամբ՝ հեռուստաընկերությունները ոչ միայն պետք է արտացոլեն իրականությունը, այլև կրթական գործառույթ կատարեն․ - «Եվ որքանով նրանք հասարակության տրամադրեն սոցիալական այնպիսի մոդելներ, որոնք առողջացնում են հասարակությունը, այնքանով մենք կունենանք բռնությունից դուրս հասարակություն: Թերևս տեսնում եմ, որ դեռևս չեն գիտակցում, որ իրենք նաև հասարակության մոդելներ տվողներ են»:

Իրավապաշտպանը շեշտում է, որ սերիալն այնպիսի արտադրանք է, որն ամեն օր մարդկանց տներ է մտնում, և մարդիկ տեսնելով եթերում ցուցադրվողը, ընդօրինակում են․ - «Եվ եթե չեն գիտակցում, որ դա անմիջականորեն ազդեցություն ունի հասարակությունում բռնության, խտրականության տարածման տեսանկյունից, մեղմ ասած, չեն պատկերացնում ԶԼՄ-ների կարևորագույն դերը հասարակության մեջ»:

Սերիալներ արտադրողներն ասում են, թե իրենց հեղինակածը մեծ լսարան ունի և վայելում է ժողովդրի սերը:

Հովհաննիսյանն այսպիսի մեկնաբանություններին կոշտ է արձագանքում՝ կրկին կարևորելով հեռուստաարտադրանքի այդ տեսակի կրթական գործոնի առկայությունը․ - «Այդ տեսանկյունից մարդիկ նաև կրթվելու ցանկություն չունեն: Ինչպե՞ս է պետությունը պարտադրում, որպեսզի տասներկուամյա կրթությունը պարտադիր լինի, և եթե ծնողը չի ապահովում, ապա գնում է և միջամտում է, որպեսզի իր քաղաքացին լինի կրթված: Չէ՞ որ մեդիան ևս կրթության գործիք է, և եթե մեդիա տարածքում որևէ մեկը ասում է, որ դա իրեն բավական լուրջ եկամուտներ և պոպուլյարություն, դա չի նշանակում, որ պետության օրենքները պետք է շրջանցվեն և հասարակության բարձրագույն շահը՝ բռնությունից դուրս հասարակություն կառուցելու շահը անտեսվի և շրջանցվի»:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դիմել էր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (ՀՌԱՀ)՝ առաջինից պահանջելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սերիալներում առկա բռնության կանխարգելման համար, երկրորդից՝ իրականացնել հեռուստածրագրերի և հեուստասերիալների մոնիթորինգ:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն օրերս հայտնեց, որ տուգանել է «Արմենիա Թի-Վի»-ին «Անհասցե ծնվածները» սերիալում կնոջ քիթը կտրելու տեսարանի համար։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը սահմանում է․ «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների եթեր հեռարձակումը ժամը 24.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ բաժանորդային հեռարձակման` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:

Սերիալը հեռարձակվել էր ոչ այս ժամերին:

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծում է, որ սերիալներում առկա բռնությունը մեծամասամբ պայմանավորվում է կենցաղի, ավանդույթների, դերային հարաբերությունների պատկերացմամբ․ - «Երբ որ տղամարդը կարող է գերիշխող լինել ընտանիքում, երբ որ կինը կամ երեխաները պետք է ենթարկվեն: Այդ բռնությունը շատ ժամանակ ընկակելի չէ հասարակության կողմից, որովհետև դա մեր նորմերի շրջանակներում է: Խոսքը միայն բռնության մասին չէ: Խոսքը նաև, օրինակ, ազգային և կրոնական խտրականության մասին է: Եվ եթե մենք տեսնում ենք, որ տղամարդը ապտակում է կնոջը, մենք շատ ժամանակ դա նորմալ ենք ընդունում և չենք արձագանքում: Եվ մեր համար շատ ավելի արտառոց է, երբ որ կինն է ապտակում նույն տղամարդուն»:

ՀՌԱՀ նախագահի խոսքով, բռնության տեսարաններից զատ, կան սերիալներ, որոնք դեստրուկտիվ ազդեցություն են թողնում․ - «Դա արդեն այն վիրտուալ իրականությունն է, որը սկսում է ազդել մեր վարմունքի կանոնների վրա: Եվ դրա դեմ պայքարը չպիտի սահմանափակվի միայն մեր գործունեությամբ: Մենք իսկապես փորձում ենք ամեն ինչ անել, բայց օրենքը անկատար է, հասարակության արձագանքները շատ տարբեր են»:

Պաշտոնյան պնդում է, որ իրենք փորձում են նվազեցնել այդ բովանդակային աղբը, բայց դա բավարար չէ, ազգային ծրագիր է պետք․ - «Որպեսզի մեր այդ նորմերը՝ բռնության ընկալումը, առաջին հերթին՝ կենցաղային, այդ վարմունքի կանոնները՝ շատ ժամանակ 21-րդ դարում մերժելի, որպեսզի այդ ամենը համապատասխանի այսօրվա մեր հասարակության պահանջներին: Մենք դա շատ ժամանակ չենք նկատում, բայց դա շատ ուժեղ ազդում է մարդկային վարմունքի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG