Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիներին մտահոգում է անվտանգության տեսախցիկների կիրառման ընտրովի սկզբունքը


Ռուսաստան - Հսկողության տեսախցիկներ Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Հսկողության տեսախցիկներ Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի ոստիկանները հաջողությամբ են կիրառում արդիական տեխնոլոգիաները, տեսախցիկները և անձի ինքնությունը կարճ ժամանակամիջոցում պարզելու ծրագրերը:

Երիտասարդ ակտիվիստ Սերգեյ Աբանիչևը հուլիսի 27-ի ցույցի ընթացքում սուրճի ստվարաթղթե բաժակ է նետել ոստիկանի վրա: Բախում էր, իրարանցում, ծեծկռտուք: Այդ թեժ վայրկյանին էլ նա բաժակը նետել է իրավապահի ուղղությամբ:

Ցույցից մեկ շաբաթ անց ոստիկանները ջարդուփշուր են արել նրա բնակարանի դուռը, ներխուժել և ձերբակալել են: Մեղադրանքը՝ մասնակցություն զանգվածային անկարգություններին և սպառնալի գործողություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ:

«Տպավորիչ է, թե ինչպես է աշխատում դեմքը ճանաչելու և անձի ինքնությունը պարզելու համակարգը: Նրանք դա կարողացան, թեպետ շատ դժվար է դա անել փողոցի հանրային տեսախցիկով: Ուրեմն, քննիչները պետք է ստուգեին ինչ-որ ուրիշ տեսագրություններ, հետևեին որդուս տեղաշարժին, գտնեին նրան որևէ այլ տեսախցիկով, օրինակ՝ մետրոյում տեղադրված», - ասել է Սերգեյ Աբանիչևի հայրը՝ Վյաչեսլավը:

Նրա որդուն ներկայացված մեղադրանքն ի վերջո չեղարկվել է: Երիտասարդը մեծ խնդրից է խուսափել, քանի որ սոսկ տեսականորեն կարող էր դատապարտվել ընդհուպ մինչև 8 տարվա ազատազրկման:

Մոսկվայում կան անվտանգության համակարգի 150 հազար տեսախցիկներ: Բացի այդ, մարդաշատ միջոցառումների վայրերում՝ մեքենաների վրա տեղադրվում են լրացուցիչ շարժական տեսախցիկներ:

Արդիական տեխնոլոգիան ընձեռում է անձի դեմքը ճանաչելու և կարճ ժամանակում նրա ինքնությունը պարզելու հնարավորություն: Այդ ոլորտում առաջատար ընկերություններից է NtechLab-ը, որը ժամանակին ստեղծվել է որպես «ստարտափ», իսկ հիմա Մոսկվայի կառավարության պատվերներն է կատարում:

«Մոսկվայի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը մեր հիմնական պատվիրատուն է, մենք աշխատում ենք նաև ուրիշ ռեգիոններում, սակայն այս պահին չեմ կարող ավելի մանրամասն պատմել», - ասել է NtechLab-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մինինը:

Ռուսաստանցիներին մտահոգում են ոչ այնքան այդ տեսախցիկները և լուսանկարով ինքնությունը պարզելու ծրագրերը, որքան դրանց կիրառման ընտրովի սկզբունքը:

Թղթե բաժակ ես նետել ոստիկանի վրա, դուռդ ջարդել քեզ ձերբակալել են, բայց չէ՞ որ կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր, դեպքեր, երբ ոստիկանն անհարկի ուժ է կիրառում, մարդուն է ջարդուփշուր անում, և այդ ամենը տեսախցիկները գրանցում են, ուրեմն՝ հնարավոր է բացահայտել դաժան ոստիկանի ինքնությունը:

«Այդ տեխնոլոգիաները պիտանի են հանցագործներին, լրտեսներին, վտանգավոր մարդկանց բացահայտելու համար, ինձ վախեցնում է այն, որ դրանց միջոցով իշխանությունը տոտալ հսկողություն է սահմանում ամբողջ բնակչության նկատմամբ», - ասել է Վյաչեսլավ Աբանիչևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG