Ուզբեկստանի խորհրդարանի երկու պալատները համատեղ նիստում հավանություն են տվել հարսանյաց արարողությունների, հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև հոգեհանգստյան կարգի մասին որոշմանը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ տարեսկզբից:
Ըստ այդմ, բոլոր արարողությունները պետք է ավարտվեն երեկոյան ժամը 11-ին, հյուրերի թիվը չի կարող գերազանցել 200-ը, ամուսնության գրանցմանը հարսին ու փեսային կարող են ուղեկցել առավելագույնը երեք մեքենա, հարսանիքին էլ կարող է հրավիրվել ամենաշատը երկու երաժշտական խումբ կամ կատարող:
Փաստաթղթում բառացի նշվում է, որ հանդիսությունների ժամանակ «անհարկի ճոխություններն ու ծախսերն արգելվում են», չեն թույլատրվում նաև «ազգային ավանդույթներին հակասող միջոցառումները: Ընդ որում, տեղական խորհուրդների ղեկավարները «անձնական պատասխանատվություն են կրում այս կանոնների կատարմանը հետևելու համար»: Ավելի վաղ ՝ 2007-ին, նման օրինագիծ էր ընդունվել Տաջիկստանում: