Մատչելիության հղումներ

Ինչպես են Չեխիան և Սլովակիան, շրջանցելով արգելքը, զենք վաճառել Ադրբեջանին


Չեխ֊սլովակական արտադրության տանկը Ադրբեջանում:

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը հրապարակել է զեկույց, ըստ որի չեխոսլովակյան համատեղ հոլդինգը՝ Czechoslovak Group-ը, շրջանցելով միջազգային էմբարգոն, զենք և զինամթերք է տրամադրել Ադրբեջանին:

Փաստին «Ազատությունն» անդրադարձել է դեռ երկու տարի առաջ, մինչդեռ, երեկվա զեկույցում կան ուշագրավ մանրամասներ:

Երկու տարի առաջ Ադրբեջանի զինուժը Չեխիայում արտադրված «Դանա» տեսակի հաուբիցների և «Վամպիր» տեսակի հրթիռային կայանքների գովազդային տեսահոլովակ էր ցուցադրել:

Czechoslovak Group-ն այդ հոլովակի կապակցությամբ հայտարարություն էր տարածել, թե ընդամենը Tatra-815 մակնիշի բեռնատարներ է վաճառել Ադրբեջանին, իսկ չեխ պաշտոնյաները պնդել էին, թե որևէ առնչություն չունեն Ադրբեջանին զենք վաճառելու գործարքներին:

Czechoslovak Group հոլդինգի մաս կազմող Real Trade Praha ընկերությունը հայտնել է, որ Չեխիայի կառավարությունից ստացել է Tatra-815 տեսակի 54 բեռնատար Ադրբեջանին վաճառելու թույլտվություն:

Գործարքի արժեքը 482 միլիոն չեխական կրոն է, ինչը հավասար է 20 միլիոն 580 հազար ԱՄՆ դոլարի:

Ուշագրավ մի հանգամանք, որի մասին հայտնում է կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը․ նախքան բեռնատարներն Ադրբեջան ուղարկելը, չեխերը դրանք ուղարկել են Իսրայել, որտեղ իսրայելցի մասնագետները դրանց վրա տեղադրել են հաղորդակցության և կապի սարքավորումներ:

Դրանից հետո բեռնատարներն ուղարկվել են Սլովակիա: MSM Martin ընկերությունը 2016 թվականին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունից ստացել է Իսրայելից ճիշտ 54 միավոր Tatra բեռնատարներ ներկրելու թույլտվություն:

Արդեն Սլովակիայում բեռնատարների վրա տեղադրել են Dana M-1 տեսակի հաուբիցներ և Vampire RM-70 տեսակի հրթիռային կայանքներ:

Եվ ահա այդ բարդ աշխարհաքաղաքական շրջագայությունների ու տեխնոլոգիական վերափոխումների արդյունքում խաղաղ և հուսալի «Տատրաները» հասել են Բաքու արդեն որպես հզոր զենք՝ մի տարածաշրջանում, որտեղ կա անավարտ պատերազմ:

Մինչդեռ, Չեխիայի կառավարությունը 2017-ին հավատացրել էր, թե երբեք թույլ չի տա զենքի վաճառք Ադրբեջանին:

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը երեկվա զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն ժամանակին զենքի էմբարգո են սահմանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշված Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ:

ՄԱԿ-ի արգելքը հետագայում չեղարկվել է, բայց ԵԱՀԿ-ինը մնում է ուժի մեջ, իսկ Չեխիան՝ ԵԱՀԿ անդամ երկիր է:

Զեկույցում հիշատակվում են նաև Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերը, որոնք կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը տեղեկատվական արտահոսքի շնորհիվ է հայթայթել:

Ըստ այդ փաստաթղթերի, Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունը բանակցել և Silk Way Airlines ադրբեջանական պետական ավիաընկերության հատուկ չվերթների համար ստացել է տեխնիկական կանգառի նպատակով բուլղարական օդային տարածք մտնելու, վայրէջք կատարելու և թռիչքը շարունակելու թույլտվություն:

Եվրոպայից Մերձավոր Արևելք կամ Աֆրիկա զենք և զինամթերք փոխադրող բեռնատար օդանավերի չվերթների համար դիվանագիտական թույլտվություն է անհրաժեշտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG