Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող ուժը կորցնում է ազդեցիկ ներկայացուցիչներին


Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանը և ապագա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարին, Անկարա, օգոստոս, 2014թ․
Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանը և ապագա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարին, Անկարա, օգոստոս, 2014թ․

Թուրքիայի իշխող ուժը կորցնում է ազդեցիկ ներկայացուցիչներին, վերջին ամիսներին Ռեջեփ Էրդողանի գլխավորած կուսակցությունը հարյուր հազարավոր անդամների հետ միասին լքում են նաև առաջատար ներկայացուցիչները՝ այդ թվում երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով անսպասելի պաշտոնանկությունից ի վեր այդպես էլ հրապարակավ չմեկնաբանեց իր շուրջ զարգացումները: Թուրքական և արևմտյան մամուլը այդ ժամանակ գրում էր, որ Դավութօղլուի հեռացումը պայմանավորված էր նախագահ Էրդողանի հետ նրա տարաձայնություններով, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների հարցում, որոնք հետագայում Էրդողանին կառավարման անսահման լիազորություններ տվեցին:

Սակայն վերջին շրջանում, Թուրքիայի կառավարությունը 21 ամիս ղեկավարած Դավութօղլուն խախտեց լռությունը` կոշտ քննադատություն հնչեցնելով նախ և առաջ իշխող ուժի, մասնավորապես՝ նախագահ Էրդողանի հասցեին: Անցած շաբաթ նա երեք պատգամավորների հետ միասին հայտարարեց կուսակցական մանդատից հրաժարվելու մասին: Դավութօղլուն նշել է, թե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շատ է հեռացել իր հիմնարարար սկզբունքներից, և հայտարարել է նոր քաղաքական շարժում սկսելու մտադրության մասին:

Ֆեյսբուքյան իր այդ գրառման մեջ Թուրքիայի նախկին վարչապետը կոշտ քննադատել է երբեմնի մերձավոր դաշնակցի՝ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը, շեշտել, որ իշխող ուժը կորցնում է ընտրազանգվածի աջակցությունը, երկրում նկատելի է համակարգային ճգնաժամ, իսկ կուսակիցներից շատերը պակաս ուշադրություն են դարձնում օրենքի գերակայությանը:

Թուլանո՞ւմ են արդյոք Էրդողանի դիրքերը` սա այս օրերին Թուրքիայի ներքաղաքական դրամատիկ զարգացումների ֆոնին հնչող ամենագլխավոր հարցն է:

Վերլուծական շրջանակներում, մինչդեռ, փաստում են, որ Թուրքիայի առաջնորդի դիրքերը դեռևս ամիսներ առաջ են սկսել թուլանալ, նախ՝ տնտեսական ճգնաժամի, ապա՝ ընդդիմության աճող ազդեցության պատճառով, ինչի հետևանքով իշխող կուսակցությունը բավական համեստ արդյունքներ գրանցեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Էրդողանի կուսակցությունը, որ 2002 թվականից հաղթում է բոլոր խորհրդարանական ընտրություններում, անցած հունիսին առաջին խոշոր պարտությունը կրեց՝ ընդդիմությանը զիջելով Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը:

Ինքը Էրդողանը, արձագանքելով Դավութօղլուի հայտարարություններին, նրան դավաճան է անվանել: «Երբ գա ժամանակը, մենք նրանց պատասխանատվության կենթարկենք», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նկատի ունենալով ինչպես նախկին վարչապետին, այնպես էլ նրա պես կուսակցությունը լքած մյուս գործիչներին:

Թուրքական մամուլի տվյալներով՝ իշխող կուսակցության մանդատից հրաժարվել են հարյուր հազարավոր անդամներ, այդ թվում՝ ծանրքաշայիններ, օրինակ՝ քաղաքական ուժի հիմնադիրներից Արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը: Նա ևս պնդում է, որ Էրդողանի առաջնորդածը ուժը հեռացել է իր սկզբնական արժեքներից: Բաբաջանը հայտարարել է, թե պատրաստվում է մինչև այս տարեվերջ նոր քաղաքական ուժ հիմնել՝ իշխող կուսակցությանը մարտահրավեր նետելու համար: Մամուլը գրում է, որ նախկին նախարարն այդ հարցում համագործակցում է երկրի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ, ով «Արդարությունը և զարգացում»-ը լքել էր դեռ 2007-ին:

Թեև Էրդողանի նախաձեռնությամբ Թուրքիայի մայր օրենքում կատարված վիճահարույց փոփոխությունները է՛լ ավելի լայն լիազորություններ են տալիս նախագահին, այդուհանդերձ, թուրքական թերթերը միաբերան պնդում են՝ երկրի առաջնորդը լուրջ մտահոգված է, իշխող ուժի ընտրազանգվածին են ներկայանում միանգամից մի քանի այլընտրանքներ, որոնք տակավին մեծ հեղինակություն ունեն երկրում:

XS
SM
MD
LG