Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը կփոխվեն


Armenia -- A Session of Armenian Parliament. 09Sept., 2019

Իշխող «Իմ քայլը», ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդեն սկսել են քննարկումները Ընտրական օրենսգրքի ու «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ։ Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում անհրաժեշտություն են համարում բարձրացնել կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորումը։

«Տարիներ շարունակ ինչպիսի մոդել ենք ունեցել՝ օլիգարխների շուրջ ձևավորված կուսակցություններ, որոնք ոչ թե հասարակության նվիրատվությունների շնորհիվ են գոյատևում, այլ հակառակը՝ դառել են գործատու հասարակության անդամների համար, այսինքն՝ քաղաքացին սովոր է կուսակցություններից գումար ստանալ։ Այս մոդելը չի կարող որևէ կերպ լինել ժողովրդավարական, և չի կարող այդ կուսակցությունը ծառայել այն քաղաքացուն, որին ինքը փող է տալիս», ֊ ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով՝ իրենք նախատեսում են հստակեցնել կուսակցություններին տրվող ֆինանսավորման եղանակը, քանի որ նախկինում պետական ֆինանսավորումից միայն խորհրդարանական կուսակցություններն են օգտվել։ ֊ «Վերջին 10 տարիների ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 միլիոն դրամ։ Դրա առյուծի բաժինը, նայած ինչպես ենք չափում, մոտ 70-80 տոկոսը գնացել է իշխող կուսակցություներին», ֊ ասում է նա։

Պատգամավորն ասում է՝ ֆինանսավորման բարձրացմանը զուգընթաց պետք է նաև կուսակցություններն ավելի թափանցիկ և հաշվետվողական լինեն։ ֊ «Կարող եմ վստահ պնդել, որ էսօրվա կարգավորումները, էդ հնարավորությունը չեն տալիս և կուսակցություններին լայն դաշտ են տրամադրում ներկայացնելու իրենց ֆինանսները այն լույսի ներքո, որը ավելի նպատակահարմար է իրենց համար», ֊ ասում է Համազասպ Դանիելյանը։

Գևորգ Գորգիսյանը հավելում է. ֊ «Մենք պետք է հզորացնենք կուսակցությունները, մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի կուսակցությունները կարողանան, ծառայեն միայն ժողովրդին, չլինեն կախված անհատներից»։

Նախորդ իշխանությունների տարիներին ներմուծված և ներկայիս իշխանությունների կողմից քննադատության ենթարկված ռեյտինգային ընտրակարգն էլ են նախատեսում փոփոխել։

«Մենք գնում ենք փուլ առ փուլ տարբերակով և ռեյտինգային ընտրակարգին անպայման անդրադառնալու ենք։ Եվ ռեյտնիգային ընտրակարգը անպայման փոփոխվելու է, որովհետև թե՛ մեր ֆրակցիան, թե՛ ընդդիմադիր ֆրակցիաները, թե՛ արտախորհրդարանական կուսակցությունների մոտ ձևավորվել է բավականին միասնական և բացասական գնահատական ռեյտինգայինի վերաբերյալ», ֊ ասում է Համազասպ Դանիելյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարևորում է նախատեսվող փոփոխությունները։ Վստահ է՝ Ընտրական օրենսգրքում ու «Կուսակցությունների մասին» օրենքում բովանդակային փոփոխություններ կլինեն։ Իրավապաշտպանն ասում է՝ նախորդ իշխանությունների օրոք փոփոխություններն անբովանդակ ու ձևական են եղել. ֊ «Կարևոր է, որ մասնակցությունը այս գործընթացներում թե՛ քաղաքական ուժերի, և թե՛ հասարակական կազմակերպությունների լինի բավական ակտիվ»։

Առաջիկայում Ընտրական օրենսգրքի ու «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները օրենքի նախագծի տեսք կունենան։ Համազասպ Դանիելյանն ասում է՝ այն նախատեսում են ավարտին հասցնել մինչև նույն թեմայով հոկտեմբերի 18-ին սպասվող խորհրդարանական լսումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG