Վրաստանի բնակչության գրեթե կեսը` 49 տոկոսը, համոզված է` երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Դա են վկայում նախօրեին հրապարակված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հարցումն անցկացվել է հուլիսի երկրորդ կեսին ամերիկյան Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով:
Հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ Վրաստանի բնակիչներին այսօր ամենից շատ հուզում են երկրում առկա տնտեսական խնդիրները` աշխատատեղերի պակասը, գնաճը և աղքատությունը:
Վրաստանում տիրող տնտեսական կացության վերաբերյալ ընդհանուր առմամբ բավական հոռետեսական տրամադրություններ են տիրում: Հարցվածների գրեթե երկու երրորդի` 63 տոկոսի համոզմամբ, տնտեսական վիճակը երկրում վատ է:
Հետազոտությանը մասնակցած Վրաստանի բնակիչների 70 տոկոսի կարծիքով՝ վրացական տնտեսությունն այսօր հարստանալու և բարգավաճելու հնարավորություն է ստեղծում մարդկանց միայն սահմանափակ մի խմբի համար: Վրաստանցիների ճնշող մեծամասնության` 84 տոկոսի պնդմամբ էլ՝ տնտեսական ասպարեզում առկա խնդիրների համար պատասխանատու է բացառապես կառավարությունը:
Հարցվածների զգալի մասի վկայությամբ՝ երկրում տնտեսական վիճակի վատթարացումը զգացվում է հենց իրենց ընտանեկան բյուջեի օրինակով: NDI-ի հարցմանը մասնակցածների 43 տոկոսը պնդում են, որ իրենց ֆինանսական վիճակը վերջին հինգ տարում վատթարացել է: 30 տոկոսի համոզմամբ՝ այն չի փոխվել, և միայն հետազոտության մասնակիցների 21 տոկոսն են նշել, որ վերջին տարիներին իրենց եկամուտներն աճել են:
Հարցվածների 52 տոկոսն, ի դեպ, համոզված են, որ իրենց ծնողների տնտեսական վիճակն անհամեմատ ավելի բարվոք է եղել, քան իրենցն է: Թբիլիսիում այս ցուցանիշն ամենաբարձրն է՝ այն հասնում է 61 տոկոսի:
Սոցիոլոգները փորձել են պարզել, թե անկախության վերականգնումից գրեթե 30 տարի անց ինչպես են Վրաստանի բնակիչները վերաբերվում Խորհրդային Միության փլուզմանը: ԽՍՀՄ փլուզումը դրական է գնահատում 49, բացասական` 41 տոկոսը: Միության փլուզումը դրական է գնահատում Թբիլիսիի բնակիչների 58 և մյուս խոշոր քաղաքների բնակչության 61 տոկոսը: Ազգային փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների շրջանում տրամադրությունները տրամագծորեն հակառակն են: «Ազգային փոքրամասնությունների հարցված ներկայացուցիչների 58 տոկոսը Խորհրդային Միության փլուզումը բացասական են գնահատել: Այս խմբում դա որպես դրական երևույթ են գնահատել հարցվածների միայն 21 տոկոսը», - նշում են հետազոտության հեղինակները: