Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը


Գավառի թատրոնի հիմնանորոգված դահլիճը:

Մինչև այդ տարիներ շարունակ թատերախումբը թատրոնից դուրս տարբեր հաստատություններում էր բեմադրություններ իրականացնում: Իսկ ահա այս տարի Գավառի դրամատիկական թատրոնը, Թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հովանավորությամբ, նաև Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ իր հերթական թատերաշրջանը սկսում է հենց այս երեկո «Թատերական Գավառ» 7-օրյա փառատոնով, որին մասնակցում են մի շարք թատերախմբեր մարզերից և մայրաքաղաքից:

«Լավ առիթ է հանդիսատեսի կապը ամրապնդել թատրոնի հետ: Մուտքը ազատ է լինելու: Կարող են բոլորը այցելել: Փառատոնը դառնալու է ամենամյան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գավառի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, որի բնակիչները առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեն Գավառի դրամատիկական թատրոնում առնվազն 10 ներկայացում դիտել:

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իր գլխավորած միությունը շատ է կարևորում մարզային թատրոնների հետ համատեղ աշխատանքը․ - «Ընդհանրապես մարզային թատերական կյանքի աշխուժացումը: Այս առումով Գավառը շատ կարևոր նշանակություն ուներ, որպեսզի այս միջոցառումն իրականանար: Այն պարզ պատճառով, որ երկար ժամանակ այնտեղ շենքը վթարային էր: Հիմա թատրոնն ունի հրաշալի դահլիճ, և հիմա պետք են քայլեր, որ հանդիսատեսին կապեն այդ շենքի հետ, թատրոնի հետ: Փառատոնը վաղուց էր նախատեսված․ վերջապես իրականացնում ենք: Ի դեպ, ասեմ, որ Գավառի թատրոնում վերջին շրջանում հետաքրքիր աշխատանքներ են ծնվում: Արմեն Սաֆարյանը՝ թատրոնի գլխավոր ռեժիսորը շատ հետաքրքիր աշխատում է: Այսօր փառատոնը կբացվի Համազգային թատրոնի «Գենեզիս» ներկայացմամբ: Ես հուսով եմ, որ ոչ միայն այսօրվա, այլև մնացած ներկայացումները լավ կանցնեն, և արդյունքում հանդիսականը գոհ կլինի մեր աշխատանքից»:

Խոսելով առհասարակ մարզերում իրականացվող միջոցառումների մասին՝ Ղազանչյանն ասաց․ - «Ամեն տարի մենք մեկ կամ երկու մարզ ընտրում ենք և այնտեղ փառատոն ենք անցկացնում: Վայոց Ձորում ենք արել: Անցած տարվա Սյունիքի մարզում անցկացված փառատոնն ընդհանրապես աննախադեպ էր իր մասշտաբներով, որովհետև Սիսիանից մինչև Մեղրի հանրապետության բոլոր թատրոնները պտտվեցին և խաղացին ներկայացումներ: Մարզային փառատոների շարքը միանշանակ շարունակվելու է ապագայում: Այստեղ շատ կարևոր է նաև տեղի իշխանությունների ցանկությունը: Ես շատ կուզենայի, որ նախաձեռնությունը միայն մեր կողմից չլիներ»:

Գեղարքունիքի մարզի բնակիչները Գավառի պետական դրամատիկական թատրոնում այս օրերին կարող են դիտել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Պատանի հանդիսատեսի, Մնջախաղի, Տիկնիկային թատրոնների, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի և հայաստանյան այլ թատրոնների ներկայացումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG