Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այսօր: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ ժամը 14:26 Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը՝ նույնպես Լեհաստանի քաղաքացի, բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 15:55 Առողջապահության նախարարության կողմից տրամադրված «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ի ուղղաթիռը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է դեպքի վայր: Ժամը 16:35 փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել են: Ժամը 17:15 բժիշկներն արձանագրել են տուժածի՝ 33-ամյա Պյոտր Բ.-ի մահը, փրկարարները նրա դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին:
31-ամյա Մարգո Լ.-ին փրկարարներն ավտոմեքենայով տեղափոխել են Աշտարակի ոստիկանության բաժին, հոսպիտալացման կարիք չի առաջացել: