Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել առաջարկող օրինագիծ


«Բարգավաճ Հայաստան»-ի մի քանի պատգամավորներ, նրանց թվում նաև Նաիրա Զոհրաբյանը, առաջարկում են քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։

Այժմ նման վերաբերմունքը վարչական իրավախախտում է համարվում, պատժում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, պաշտոնյաների դեպքում՝ հարյուրապատիկի չափով:

Զոհրաբյանը տուգանքների չափը ծիծաղելի որակեց, առաջարկեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Քրեական օրենսգրքի հոդված դարձնել, պատիժն էլ խստացնել: Նախ տուգանքն ավելացնել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափ կամ կիրառել կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի:

Նախագծում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի օրինակներ են նկարագրված․ պատժելի արարք կդիտվի կենդանու կյանքի ընդհատումը խեղելու, կախելու, մասնատելու, հրազենով կրակելու, թունավորելու միջոցով: Հեղինակներն առաջարկում են քրեորեն պատժել նաև կենդանիների մարտերի կազմակերպումը, որը կհանգեցնի խեղման կամ կենդանու կյանքի ընդհատման:

«Միգուցե սոցիալական ցանցը որ չկար, մենք չէինք տեսնում այդ դաժանությունները և կենդանիների պաշտպանության ՀԿ-ների հորդորը, ահազանգը, կոչը, որ դաժան վերաբերմունք կա կենդանիների հանդեպ՝ և մանկահասակների, և՛ չափահասների, ձայն բարբառո էր հանապատի էր տարիներ ժամանակ: Այսօր մենք ունենք եզակի հնարավորություն միասնաբար կանխելու այդ դաժանությունը և բռնել նման սադիստների ձեռքը», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորներին հետաքրքրում էր, թե արդյոք այս նախագիծը կվերաբերի նաև տարբեր զվարճանքի վայրերում, ռեստորաններում վանդակների մեջ պահվող կենդանիներին։

«Եթե չկա դաժան վերաբերմունք, միայն պահելու համար պատասխանատվություն էլ չկա», - պարզաբանեց Զոհրաբյանը։

«Ես հուսով եմ, որ դուք հետամուտ կլինեք, և այս օրենքը լրացումներ կունենա նաև, որ սեփական, անձնական տարածքներում վանդակների մեջ առյուծներ և արջեր չպահվեն»․ իշխանական «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանի այս ակնարկը թերևս Գագիկ Ծառուկյանին էր վերաբերում, որը հրապարակավ խոստովանել է, որ առյուծներ է պահում։

Նախագիծը դահլիճում բուռն քննարկումների առիթ դարձավ։ Պատգամավորները տարբեր իրավիճակներ նկարագրելով՝ փորձում էին ճշտել, թե արդյոք դրանց կհետևի պատասխանատվություն։

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանին հետաքրքրում էր, թե փոփոխություններն ընդունվելու դեպքում ինչ է սպասվում մատաղ անողներին։

Զոհրաբյանի պարզաբանմամբ՝ ծիսական արարողակարգերի համար արված մորթը չի դիտարկում որպես դաժան վերաբերմունք․ - «Ես ներքուստ կուզենայի, որ դա էլ չլիներ, բայց ես հասկանում եմ, որ դա արդեն կլիներ խիստ ծայրահեղություն, որովհետև մենք ունենք ավանդույթներ»:

Նախաձեռնությունը «Իմ քայլից» Սասուն Միքայելյանի սրտով չէր․ - «Իմ շատ հարգարժան Անդրանիկ Քոչարյանը հարց ա տալիս, ինձ ասում ա՝ եթե շունը գիշերը հարձակվի իմ վրա, ես ի՞նչ պիտի անեմ: Ասում եմ՝ պիտի կանգնես կծի, ուրիշ բան չես կարա անես: Կամ էլ բանակցես: Հիմա լուրջ․ ավելի լավ չէ՞ր լինի հատուկ ծառայություններ ստեղծել, հետո նոր այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»:

Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց․ - «Ես չեմ մտածում, որ եթե ինչ-որ մեկը խեղում է կենդանուն, դա անում է այն պատճառով, որ այդ կենդանին հատուկ պայմաններում չի պահվում: Բայց Ձեր բարձրացրած խնդիրը շատ կարևոր է: Մենք քաղաքապետի հետ Երևանի մասով առաջիկայում պատրաստվում ենք քննարկել այդ խնդիրը, որովհետև ես ունեմ նաև ահազանգեր ծնողներից, որ նաև ցերեկային ժամերին դպրոցների մոտ հավաքվում են անտուն, վայրի կենդանիների խմբեր, և երեխաները, բնականաբար, ստրեսի մեջ են ընկնում»:

Քննարկումը դուր չէր եկել ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին, հարցադրումներում հումոր էր տեսել․ - «Եթե փորձել պոզուպոչ կպցնել, ոչ մի նախագիծ հաջողություն չի ունենա: Իհարկե, կարելի է էդպես անվերջ օրինակներ բերել: Բայց այստեղ մի բան պետք է նկատի ունենալ․ այստեղ անձի սուբյեկտիվ կողմն է կարևոր, ինչին է ուղղված նրա դիտավորությունը: Հա, եթե մեկը ուզում ա մատաղ անի, ասում ա՝ էս ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ, ստեղ արդեն մատաղը չի կարևորվում, ստեղ նրա դաժանությունն ա ակնհայտ: Տենց անվերջ օրինակներ կարելի ա բերել՝ որակազրկելու էս նախագծի էությունն ու նպատակը»:

Պետրոսյանի ելույթից հետո կրքերը բորբոքվեցին, տեղից հայտարարություններ հնչեցին:

Ամբիոնին մոտեցած ԱԺ նախագահը հարցրեց Պետրոսյանին՝ սա ի՞նչ մուննաթ-զուննաթ էր․ - «Այս ի՞նչ կանխավարկած ա տեսնել ծաղր: Բոլորովին էդպիսի բան չկար: Եվ հետո, կներեք, ընդհանուր դիտարկում Ձեր բոլոր ելույթների մասին․ մի տեսակ մուննաթ եք գալիս: Գիտեք ինչ, ստեղ բոլորն էլ կարող են էդպիսի տոներով խոսել: Էկեք պահպանենք իրար նկատմամբ հարգանքը: Սա անընդունելի ա»:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի երկուշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG