Մատչելիության հղումներ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը Հյուսթոնում անցավ թեժ մթնոլորտում


Երեք ժամ չդադարող, թեժ բանավեճ Ամերիկայի ամենավիճահարույց հարցերի շուրջ՝ առողջապահությունից մինչև ռասայական խտրականություն ու ապօրինի ներգաղթ:

Երեկ Հյուսթոնում դեմոկրատական ճամբարի նախագահության թեկնածուները երրորդ բանավեճն էին անցկացնում՝ 2020-ի ընտրություններում լավագույնին որոշելու համար:

Այս անգամ բեմում էին մրցավազքի վերին հորիզոնականները զբաղեցնող բոլոր երեք թեկնածուները՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Վերմոնտից ընտրված սենատոր Բենրի Սանդերսն ու Մասաչուսեթսից ընտրված սենատոր Էլիզաբեթ Ուորենը:

Թիրախում, ինչպես և ակնկալվում էր, Ամերիկայի նախկին փոխնախագահն էր, ով, ըստ սոցիոլոգիական հարցումների, ամենաբարձր վարկանիշն ունի դեմոկրատների շրջանում:

76-ամյա Բայդենը բանավեճի մեկնարկից մինչև վերջին պահը ստիպված էր հետ մղել մրցակիցների՝ մեկը մյուսին հաջորդող հարձակումները՝ ակնհայտ դարձնելով, թե որքան խորն են երկու թևերի, «չափավոր» ու «առաջադեմ» դեմոկրատների միջև տարաձայնությունները:

Կրքերը մի պահ այնքան բորբոքվեցին, որ նախկին փոխնախագահը իր կուսակցին՝ Բերնի Սանդերսին որակեց սոցիալիստ: Մրցակից Խուլիո Կաստրոն, թերևս ակնարկելով փոխնախագահի տարիքը, պնդեց՝ նա միայն անցյալով ապրում և մոռանում է ինչ է ասել ընդամենը մի քանի րոպե առաջ․ - «Փոխնախագահ Ջո Բայդենի հետ իմ խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ ինչ-որ լավ բան է ասվում Բարաք Օբամայի մասին, նա միանգամից վրա է տալիս, թե՝ օ, ես այդտեղ էի, ես էլ եմ դրան մասնակցել և այլն: Իսկ երբ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում Օբամայի վարչակազմի քայլերը, Բայդենն ասում է՝ դա նախագահն է որոշել»:

Դեմոկրատների երրորդ բանավեճն անցնում էր սոցիոլոգիական վերջին հարցումների ֆոնին, ըստ որոնց ամերիկացի ընտրողների մեծ մասը վստահ է, որ ներկայիս նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը երկիրը տանում է սխալ ուղղությամբ: Այս հարցում դեմոկրատ թեկնածուների շրջանում լիակատար ներդաշակություն էր։

«Ակնհայտ է, որ Թրամփը ոչինչ չի հասկանում: Նրա կարծիքով, առևտրային քաղաքականությունը Թվիթերում գրառումներ անելն է միայն», - հայտարարեց Բերնի Սանդերսը:

«Ամերիկան կտրուկ կզարգանա, հենց որ Թրամփը հեռանա Սպիտակ տնից», - պնդեց Ջո Բայդենը:

Սենատոր Քորի Բուքերն ավելի հեռուն գնաց․ - «Դոնալդ Թրամփի «նախ և առաջ Ամերիկան» քաղաքականությունը իրականում նշանակում է մեկուսացած Ամերիկա, կամ միայնակ Ամերիկա: Առևտրից մինչև Չինաստանի հետ առճակատում ու գլոբալ ջերմացում, Մերձավոր Արևելք, Իրանի միջուկային համաձայնագիր․ բոլոր այս հարցերում նա մեզ հեռացնում է մեր դաշնակիցներից»:

Թրամփի քննադատությունից բացի, մյուս բոլոր առանցքային հարցերում դեմոկրատներն այդպես էլ համաձայնության չեկան:

Ամենախորը տարաձայնությունները թերևս առողջապահության համակարգի շուրջ էին: Դեմոկրատների առավել առաջադեմ թևի ներկայացուցիչներ Բերնի Սանդերսն ու Էլիզաբեթ Ուորենը պնդում էին, որ առողջապահությունը պետք է լինի անվճար բոլորի, և ոչ թե միայն 65-ն անց ամերիկացիների համար:

Նախկին փոխնախագահ Բայդենը հորդորում էր կուսակիցներին անկեղծ լինել ու արձանագրել, թե որքան է դա նստելու Ամերիկայի բյուջեի և հարկատուներից յուրաքանչյուրի վրա:

Որքան էլ զարմանալի էր, ներքին տնտեսությանը լայն անդրադարձ չեղավ: Փոխարենը մրցակիցները բավական երկար խոսեցին զենքի անարգել վաճառքը սահմանափակելու մասին: Դահլիճը բառացիորեն փոթորկվեց ծափահարություններից, երբ Բետո Օ՛Ռուրկը հայտարարեց՝ առգրավելու ենք բոլոր զենքերը: Նախկին կոնգրեսականը սերում է Տեքսասի Էլ Պասո քաղաքից, ուր անցած ամիս զինված հանցագործը անկանոն կրակ էր բացել խանութում, 22 մարդ սպանվել էր, առնվազն 26-ը վիրավորվել:

«Գրողը տանի, մենք կգանք ձեր ինքնաձիգերի հետևից, մենք այլևս թույլ չենք տա, որ դրանք օգտագործվեն ամերիկացիների դեմ», - ասաց Օ՛Ռուրկը:

Նախկինում էլ բազմիցս քննարկված այս դրույթներից բացի, երեկ նաև անակնկալներ եղան: Գործարար Էնդրյու Յանը, մասնավորապես, հայտարարեց, թե պատրաստ է իր ընտարշավի հիմնադրամից հազարական դոլար տալ ամերիկացի տասը ընտանիքների՝ բնորոշելով դա որպես «ազատության պագևավճար»․ - «Եթե դուք կարծում եք, որ կարող եք լուծել ձեր խնդիրները ավելի լավ, քան քաղաքական գործիչները, այցելեք իմ ինտերնետային կայքն ու պատմեք, թե հազար դոլարն ինչպես է ձեզ օգնելու հասնել ձեր նպատակին: Այս ճանապարհով մենք կրկին կունենանք երկիր, որն աշխատում է մեր՝ ամերիկացի ժողովրդի համար»:

Դեմոկրատների հաջորդ բանավեճը տեղի կունենա մեկ ամսից Օհայոյում: Ընդհանուր առմամբ, թեկնածուները 12 հանդիպում կանցկացնեն, որոնց ավարտին՝ հաջորդ տարվա ապրիլին Դեմոկրատական կուսակցությունը կընտրի, թե ում է առաջադրում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG