Մատչելիության հղումներ

Գյումրիում տուրիստների թիվը անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատ ավելացել է գրեթե 20 տոկոսով


Սպասարկման ոլորտում աշխատող գյումրեցի գործարարները փաստում են, որ երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները դեռ ամբողջովին չհաղթահարած քաղաքում այս տարի աննախադեպ տուրիստական աշխուժություն է: Պաշտոնական տվյալներով՝ տուրիստների թիվը անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատ ավելացել է գրեթե 20 տոկոսով:

Քաղաքում այսօր էլ շրջելիս կարելի է շատ տուրիստների հանդիպել: Այսօր ավելի շատ ռուս տուրիստներ էին, ովքեր նոր էին եկել ծանոթանալու և ասացին, որ Գյումրիի մասին դեռ կարծիք չեն կազմել: Ի դեպ, ռուսական աղբյուրների համաձայն՝ Հայաստանը որպես օտարերկյա ուղղություն երկու տարի շարունակ առաջին տեղում է ռուսաստանցի տուրիստների համար:

Herbs & Honey թեյարանի սեփականատեր Արտուշ Եղիազարյանը փաստում է՝ և՛ ներքին տուրիզմն է զարգացել, և՛ արտերկից են մեծ թվով զբոսաշրջիկներ այցելում Գյումրի:

«Իմ մոտավոր գնահատականը՝ մի 20 տոկոս երևի աճ կա արտերկրյա զբոսաշրջիկների քանակի։ Ինձ շատ է ուրախացնում գեոգրաֆիկ տարբեր ռեգիոնների գալը, այսինքն մեր մոտ մենք նկատել ենք՝ նստած են եղել, օրինակ, մի սեղան ֆրանսիացիներ, մի սեղան գերմանացիներ և կողքի սեղանն էլ Ավստրալիայից զույգ էր, դե խոսում եմ մարդկանց հետ, ասում եմ՝ «ի՞նչն է բերում ձեզ այստեղ», ասում են՝ «նոր ուղղություն է»։ Ընդհանուր միջազգային, համաշխարհային տենդենց կա չէ՞՝ Թաիլանդն է, Եգիպտոսն է, սենց ինչ-որ հիմնական ուղղություններ կան, այնինչ Կովկասը, Հայաստանն էլ իրա մեջ նոր ուղղություն է և շատ է հետաքրքրում և եթե մենք լավ աշխատենք, գովազդենք, հաստատ իր արդյունքները կտա ու տվել է արդեն», - նշեց Եղիազարյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն ամեն օր տուրիստներ ունենո՞ւմ են, Herbs & Honey թեյարանի սեփականատերը պատասխանեց. «Ամեն օր գրեթե ունենում ենք ու ես ասեմ՝ մեր հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են»։

Հենց այս թեյարանից էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ սկսել Գյումրին ներկայացնող իր 3-ժամյա ուղիղ եթերը: Արդյո՞ք այդ ուղիղ եթերը որևէ ազդեցություն ունեցա՞վ տուրիստական հոսքերի վրա, հետաքրքրվեցինք Եղիազարյանից:

«Կարծում եմ, որ, այո, ազդել է ու քաջալերում եմ մնացածներին էլ գալ գովազդել Գյումրին ու ամենակարևորը՝ օգնեն շատ արագ կազմակերպված ենթակառուցվածքների հարց լուծենք», - պատասխանեց Եղիազարյանը։

«Հայ ասպետ» հյուրատանը, որի կահ-կարասին հարմարեցնել հին Գյումրվա ոճին, այսօր եռուզեռ էր, հյուրերի էին սպասում: Սեփականատեր Մարինա Բազաևան ասում է, որ տարիներ առաջ է գնել «Կումայրի» արգելոցի շենքը, բայց հյուրատունը միայն այս տարի է բացել իր դռները: Կարճ ժամանակում ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ արտերկրից են հյուրեր ընդունել:

«Մեկ տարի առաջ հոսքը լրիվ այլ էր, հիմա լրիվ այլ է ու ինձ հատկապես ուրախացնում են հյուրերը Երևանից։ Իրենք հաճույքով են գալիս ու իմ հյուրերի գրեթե կեսը կարող եմ ասել, որ Երևանից են», - ասաց Բազաևան։

«Ազատության» հարցին, թե դրսից հյուրեր ունեցե՞լ են, Մարինա Բազաևան արձագանքեց. «Այո, շատ. Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, նույնիսկ Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից»։

«Բեռլին» հյուրանոցում էլ Գերմանիայից ժամանած տուրիստական խումբ էր հանգրվանել: Խումբը մի քանի օր է Գյումրիում է և արդեն հասցրել են ծանոթանալ քաղաքին: Վերջիններս տպավորված էին։

«Գյումրի ենք եկել խմբով, ուզում էինք իմանալ, թե մարդիկ ինչպես են վերապրել սարսափելի երկրաշարժը և մյուս վատ բաները: Նաև լսել էինք, որ շատ գեղեցիկ, հին քաղաք է՝ հին տներով, որ կանգուն են մնացել։ Դրանք չեն վերացել, ինչպես Երևանում: Այնպես որ շատ հետաքրքրված էինք: Այսօր եկեղեցին ենք տեսել, հրաշալի զբոսանք ունեցանք և շատ հավանեցինք։ Իմ անունից կարող եմ միայն խոսել, ոչ թե ողջ խմբի: Ես միշտ էլ Հայաստանով հետաքրքրված եմ եղել: Հիմա եկել եմ ու շատ երջանիկ եմ դրա համար», - ասաց նրանցից մեկը:

Զբոսաշրջիկներից մեկն էլ նշեց. «Գյումրին շատ հետաքրքիր քաղաք է, ինձ շատ հետաքրքրեց քաղաքի արվեստը, շինությունները, հին պատմամշակութային շենքերը շատ գեղեցիկ են: Մինչ այստեղ գալս Գյումրիի մասին գրեթե ոչինչ չգիտեի, միայն լսել էի, որ այստեղ շատ հուժկու երկրաշարժ է եղել: Շատ հավանեցի, գեղեցիկ է: Երկրագնդի վրա այնքան տարածքներ կան, որ դեռ չեմ տեսել, բայց վերադառնալու մասին կմտածեմ»:

Անկախության տոնի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Գյումրիում: Պաշտոնյաները սեպտեմբերի 21-ին շուրջ 21 հազար հյուրի են սպասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG