Մատչելիության հղումներ

«Հրազդան» ԲԿ նախկին տնօրենը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի յուրացման և վատնման մեջ․ վնասը վերականգնվել է


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեն այսօր հաղորդում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենը, 1988-2017 թվականներին զբաղեցնելով նշված պաշտոնը, «օգտագործելով պաշտոնեական դիրքը, բժշկական կենտրոնում աշխատակիցներ է հրամանագրել և նրանց փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում աշխատավարձ դուրս գրելով, չկատարված ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով և ԲԿ-ից գումար դուրս գրելով, փաստացի կատարված վերանորոգման ծավալներն ուռճացնելով և այլ եղանակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս», ասված է հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում «Հրազդան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասը՝ 11 միլիոն 560 հազար դրամ գումարը, վերականգնվել է, որը փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին, նշված է հաղորդագրությունում:

Նախկին տնօրենը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG