Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ «Հյուսիս-հարավ»-ի գործով խափանման միջոց ընտրվեց կալանքը


Լյովա Սարգսյան, արխիվ
Լյովա Սարգսյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ «Հյուսիս-հարավ» ծրագրի գործով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Քննչական կոմիտեի միջնորդությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախկին նախագահի եղբոր փաստաբանը «Ազատությանը» փոխանցել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքներին:

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանը հետախուզվում էր դեռ անցած տարվանից մեկ այլ քրեական գործով՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար: Այդ գործով նույնպես դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել:

XS
SM
MD
LG